Կա որոշակի անհամապատասխանություն ԼՂ-ից ՀՀ մուտք գործած և գումարներ ստացած մարդկանց թվի միջև. Փաշինյան

Մարդիկ կարող են լինել, որոնք շատ վաղուց են ՀՀ-ում, բայց որոշել են հաշվառվել և գումար ստանալ:

Կա որոշակի անհամապատասխանություն ԼՂ-ից ՀՀ մուտք գործած և գումարներ ստացած մարդկանց թվի միջև: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բացատրությունը կարող է լինել՝

1. այդ արագության մեջ, ենթադրենք, մեքենայի մեջ 5 մարդ է եղել, հաշվառել են 4, այսինքն՝ խնդիր է եղել մարդկանց բաց թողնելու, նրանց առաջնային կարիքները բավարարելու.

2. կարող են լինել մարդիկ, որոնք չեն եղել այդ հոսքի մեջ, ընտանիքի անդամներ են և այլն, իրենք ավելի շուտ են եղել ՀՀ-ում, և իրենք էլ են հաշվառվել.

3. մարդիկ կարող են լինել, որոնք շատ վաղուց են ՀՀ-ում, բայց որոշել են հաշվառվել և գումար ստանալ:

Հիմա մենք պետք է վերլուծենք, ընդ որում՝ այս երրորդ տվյալն օբյեկտիվորեն հնարավոր է պարզել»,- ասաց Փաշինյանը և պարզաբանեց, որ այդ տվյալները կարող են վեր հանվել, օրինակ, եթե պարզվի, որ Լաչինի միջանցքի շրջափակման ընթացքում քաղաքացին Հայաստանում, օրինակ, երթևեկության կանոններ է խախտել, վարորդական վկայական է ստացել, մեքենա է գնել-վաճառել կամ արձանագրվել է որևէ էլեկտրոնային հարթակում:

«Կլինեն դեպքեր, որ մեր մոտեցումը կլինի այն, որ գումարի ստացումը համարում ենք օրինաչափ: Կլինեն դեպքեր, որ այդպես չենք համարի: Այն դեպքերը, երբ նման դեպքեր կարձանագրվեն, արդեն կմտածենք՝ ինչ անել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև մեկնաբանեց, թե անհամապատասխանությունների դեպքում ինչու է որոշվել առանց տվյալները ստուգելու վճարել 100 հազար դրամ աջակցությունը: Ըստ Փաշինյանի՝ նրանց գտնելու համար անհրաժեշտ էր ևս 15 օր, բայց այդ ընթացքում այն մարդիկ, որոնք պետք է գումարը ստանային, կմնային առանց օգնության:

«Կառավարության որոշման մեջ սահմանել ենք, որ եթե հետո կպարզվի, որ մարդ է ստացել գումարը, որը պետք է չստանար, այդ գումարը ենթակա է վերադարձի»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ առաջնորդվել են այն սկզբունքով, որ 100 հազարից ավելի մարդու անհրաժեշտ այսրոպեական օգնությունը չուշացնեն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print