Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան

Վարչապետի խոսքով՝ կա նաև ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն։

Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցում լավ ու վատ լուրեր կան: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինիս խոսքով, Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են:

«Դրանք ձեռք են բերվել ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների արդյունքում: Համաձայնություններն արձանագրվել են Շառլ Միշելի հայտարարությունների մեջ:  Հայաստանի և Ադրբեջանի միջև կա որոշակի ըմբռնում, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1974 — 1990թթ. քարտեզները, կա նաև ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, Հայաստանը Ադրբեջանին առաջարկում է փոխադարձաբար զորքեր չունենա ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կողմ, ինչպես նաև հասցեագրել էքսկլավ անկլավների հարցերը: 

«Օրինակ, Արծվաշենը ավելի քան 30 տարի գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով վատ լուրերից Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չեն հասկանում իրար:

«Ադրբեջանում պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան», և այս հայեցակարգը ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print