Պոչամբարը՝ որպես քաղցկեղի առաջացման պատճառ գիտականորեն ապացուցված չէ

Հայաստանում չարորակ գոյացությունների տարածվածությունն առավել ակնհայտ է Երևանում, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, իսկ Սյունիքում, որտեղ էլ հիմնականում տեղակայված են հանքարդյունաբերական գործարանները, այս թվերը նկատելի ցածր են։

Հայաստանում օնկոլոգիական հիվանդությունների թիվն աճում է։ Սա փաստում է Հայաստանում քաղցկեղի տվյալների վերաբերյալ առկա վիճակագրությունը։

Քաղցկեղի առաջացման ռիսկի բազմաթիվ գործոններ են առկա։ Դրանցից են, օրինակ՝ վնասակար սովորույթները (ծխախոտի, ալկոհոլի չարաշահում, թմրանյութերի օգտագործում և այլն),  ճառագայթային գործոնը (արևայրուք, «սոլյարիներ»․․․), սնունդը (ապխտած, գունանյութերով և այլ հավելումներով, նիտրատներով հարուստ սնունդ․․․), ժառանգական նախատրամադրվածությունը, հոգեհուզական սթրեսները, ավելորդ քաշը և այլն։

Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջություն և առողջապահություն» 202120222023 թթ․ վիճակագրական տարեգրքերում առկա տվյալները համադրելով՝  Iravaban.net-ը պարզել է, որ Հայաստանում չարորակ նորագոյացություններով պացիենտների թիվը վերջին 3 տարիներին աճ է գրանցել։

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը) նախանշված են ռամավարության իրագործման ուղիները։ Այդ ուղղությունները նախանշում են ոլորտի բոլոր բնագավառներում առաջընթացի հիմնական ուղիները, որոնցից մեկը շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու և անվտանգ հանքարդյունաբերությունն է։

Մարդկանց շրջանում առկա է նման համոզմունք, թե Հայաստանում հանքարդունաբերությունը ևս քաղցկեղի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ։

«Հանքարդյունաբերության հանդեպ բացասական և գիտականորեն չհիմնավորված մեղադրանքների տարածումը կանխելու համար կարևոր խնդիր է նաև պատկան մարմինների կողմից հանրության իրազեկումը՝ իրական խնդիրները չհիմնավորված ընկալումներից տարանջատելու ուղղությամբ: Այսպես, օրինակ, Հայաստանում տարածված է պոչամբարի՝ որպես քաղցկեղի առաջացման պատճառի ընկալումը։ Մինչ պոչամբարի պատշաճ կառավարումը անքննելի անհրաժեշտություն է, գոյություն չունի նման որևէ գիտական ապացույց դրանց միջև կապի վերաբերյալ: Պետական համապատասխան կառույցները պետք է ջանքեր գործադրեն բնակչության իրազեկման համար, այդ թվում՝ պատշաճ կառավարման արդյունքում հանքարդյունաբերության հետ կապված առողջապահական որևէ խնդիր բացառելու գործնականում ապացուցված հնարավորության մասին հանրությանը կրթելու ուղղությամբ»,-նշված է ռազմավարությունում։

ԱԱԻ «Առողջություն և առողջապահություն» 202120222023 թթ․ վիճակագրական տարեգրքերի համաձայն՝ Հայաստանում չարորակ գոյացությունների տարածվածությունն առավել ակնհայտ է Երևանում, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, իսկ Սյունիքում, որտեղ էլ հիմնականում տեղակայված են հանքարդյունաբերական գործարանները, այս թվերը նկատելի ցածր են։

Սա փաստում են վիճակագրական տվյալները։ Օրինակ՝ Լոռու, Կոտայքի մարզերն աչքի չեն ընկնում հանքարդյունաբերության ոլորտի ակտիվությամբ՝ ի տարբերություն Սյունիքի մարզի, որտեղ էլ հիմնականում տեղակայված են հանքարդյունաբերությամբ զբաղվող խոշոր ընկերությունները։ Սակայն ըստ տվյալների Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում չարորակ գոյացությունների տարածվածության ավելի բարձր ցուցանիշ է արձանագրված։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print