ՌԴ–ից ուղարկված 40 տոննա մարդասիրական բեռն արդեն Երևանում է

Դեսպանի խոսքով` սա հայ և ռուս ժողովուրդների ու երկրների միջև համերաշխության նշան է շատ բարդ ժամանակաշրջանում։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ռուսաստանից 40 տոննա մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռը, հայտնում է Sputnik Արմենիան։

Մարդասիրական օգնությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին։

Օգնությունը, որը ներառում է սնունդ, վերմակներ և շարժական էլեկտրակայան, Հայաստան է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով և ՌԴ կառավարության հանձնարարությամբ:

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 40 տոննա մարդասիրական բեռը ներառում է այն, ինչ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անհրաժեշտ է Հայաստանում հաստատվելու համար:

«ՀՀ կառավարության նախանշած ցանկից ելնելով ենք ձևավորվել այդ մարդասիրական օգնությունը», -ասաց նա:

Դեսպանի խոսքով` սա հայ և ռուս ժողովուրդների ու երկրների միջև համերաշխության նշան է շատ բարդ ժամանակաշրջանում։

Կոպիրկինն ընդգծեց, որ բացի այս բեռից, ԼՂ–ից տեղահանված անձանց համար օգնություն են ուղարկել նաև ՌԴ հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, այդ թվում` «Ռոսսոտրուդնիչեստվոն»:

«Վստահ եմ, որ դա կշարունակվի ՝ ելնելով առկա կարիքներից։ Մեզ համար կարևոր է, որ լուծվեն այն խնդիրները, որոնց բախվում են բռնի տեղահանվածները։ Մենք սերտորեն կապված ենք միմյանց հետ։ Սրանք նաև մեր՝ ռուսներիս խնդիրներն են»,– հավելեց նա։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստան է ուղարկել 40 տոննա մարդասիրական օգնություն՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանվածների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print