Հանրապետականները պնդում են, որ Ուկրաինային օգնությունը պետք է կապել ԱՄՆ-ում ներգաղթի և ապաստանի տրամադրման հարցերում բարեփոխումների հետ։
ԱՄՆ սենատի հանրապետականներն արգելափակել են Ուկրաինային, ինչպես նաև Իսրայելին և Գազային օգնության մասին օրինագիծը, քանի որ չի հաջողվել փոխհամաձայնության գալ երկրի սահմանային անվտանգության շուրջ։ Այս մասին տեղեկանում է BBC-ից։
Հանրապետականները պնդում են, որ Ուկրաինային օգնությունը պետք է կապել ԱՄՆ-ում ներգաղթի և ապաստանի տրամադրման հարցերում բարեփոխումների հետ։
110 միլիարդ դոլարի փաթեթն ընդգրկում էր 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, ինչպես նաև ֆինանսական միջոցների հատկացում Իսրայելին և օգնություն Գազային։
Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ ֆինանսական օգնությունն Ուկրաինային շուտով կարող է սպառվել, իսկ Ուկրաինայի նախագահի աշխատակազմում հայտարարել են, որ առկա է Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում պարտության «մեծ վտանգ», եթե ԱՄՆ-ն չշարունակի Կիևին տրամադրվող աջակցությունը։
Աջակցության մասին օրինագծի օգտին քվեարկել է 51 սենատոր, դեմ՝ 49, այնինչ օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր 60 ձայն։ Օրենսդիրները կրկին պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։
Ընդ որում, դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Ուկրաինային 175 միլիոն դոլարի չափով նոր անվտանգության աջակցության մասին այն ֆինանսավորումից, որն արդեն հաստատվել է։ Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ փաթեթն ընդգրկում է սպառազինություն, այդ թվում՝ հրթիռներ և հրետանային արկեր։
2022 թ․ փետրվարից ի վեր՝ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում, Կոնգրեսը հաստատել է ավելի քան 110 միլիարդ դոլարի ռազմական և տնտեսական աջակցության փաթեթներ Ուկրաինայի համար, որոնց մեծ մասն արդեն տրամադրվել է։