Դեկտեմբերի 8-ի դրությամբ մաքսային ձևակերպում է ստացել մոտ 700 ժամանակավոր ներմուծված ավտոմեքենա։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում 2023 թ. դեկտեմբերի 5-ից սկսվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացը:
Գործընթացն ընթանում է բնականոն հունով, դեկտեմբերի 8-ի դրությամբ արդեն իսկ մաքսային ձևակերպում է ստացել մոտ 700 ժամանակավոր ներմուծված ավտոմեքենա: Ներկա պահին շահառուների կողմից պետական բյուջե է վճարվել մոտ 1 միլիարդ ՀՀ դրամ:
Կոմիտեն հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծման գծով պետական աջակցության ծրագրից շահառուները կարող են օգտվել դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ մաքսազերծելով տրանսպորտային միջոցները Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, երկուշաբթիից-շաբաթ, ժամը` 08:30-19:00-ն:
Հավելյալ հերթերից և կուտակումներից խուսափելու, ինչպես նաև Հյուսիսային մաքսատուն-վարչությունում պատշաճ և արագ սպասարկում ապահովելու նպատակով ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին մաքսային ձևակերպումներն իրականացնել հնարավորինս շուտ և ժամանակին՝ գործընթացը չթողնելով սահմանված ժամկետի վերջին օրերին: