Դավիթ Հովհաննիսյանն արծաթե մեդալ է նվաճել

Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրին կտևի մինչև դեկտեմբերի 14-ը:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիում, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

96 կգ քաշայինների պոկում վարժությունում Հովհաննիսյանը ցույց է տվել 170 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 200 կգ կշռող ծանրաձողը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք (170 + 200 կգ):

Ավելի վաղ 18-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր Գրան Պրիի բրոնզե մեդալակիր՝ մեծահասակների պայքարում նվաճելով իր առաջին մեդալը:

Երիտասարդների աշխարհի ոսկե մեդալակիր, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում ցույց էր տվել 189 կգ արդյունք և կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին: Պոկում վարժությունում հայ մարզուհին գլխավերևում պահել էր 81 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 108 կգ-ն:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում՝ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, մրցավայր են մեկնել նաև Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Կանանց հավաքականի կազմում ընդգրկված են նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ):

Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրին կտևի մինչև դեկտեմբերի 14-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print