Երկու երիտասարդի դանակահարած տղամարդը ձերբակալվել է

Միջնորդություն է ներկայացվում դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Երևանի Շոպրոնի փողոցում 2 երիտասարդներին դանակահարած, նրանցից մեկի մահվան պատճառ դարձած երիտասարդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նախկինում ծագած գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանությունը դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, շարունակվել է Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում, որին մի կողմից մասնակցել են Երևանի 29-ամյա բնակիչն ու նրա եղբայրը, մյուս կողմից՝ մի խումբ անձինք։

«Վիճաբանությունը վերածվել է փոխադարձ հարվածների, որի ընթացքում 29-ամյա Գ․Հ․-ն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Երևանի 27-ամյա և Տավուշի մարզի 26-ամյա բնակիչներին, որոնցից առաջինն ստացել է միջին ծանրության (նախնական տվյալներով), իսկ երկրորդը՝ Դ․ Սայադյանը՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Գ․Հ․-ն դեկտեմբերի 12-ին ձերբակալվել է։

Միջնորդություն է ներկայացվում դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում անհայտ անձը վիճաբանության ժամանակ դանակահարել էր Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Ս.-ին և Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Մ.-ն: Դավիթ Ս.-ն հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել էր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print