Ամուլսարի շահագործման ֆինանսավորման վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել

Վերջնական որոշման համար անհրաժեշտ են ոչ միայն փորձաքննություններ, այլև նախագծի բնապահպանական աջակցության պլանի մշակում։

Եվրասիական զարգացման բանկը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել։ Այս մասին Ալմաթիում կայացած ասուլիսում հայտարարել է ԵԱԶԲ–ի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` բանկում շատ զգույշ են վերաբերվում տվյալ նախագծին, առանց շտապելու։ Վերջնական որոշման համար անհրաժեշտ են ոչ միայն փորձաքննություններ, այլև նախագծի բնապահպանական աջակցության պլանի մշակում, որպեսզի պահպանվի ազգային պարկը, տվյալ շրջանի էկոլոգիան, և տնտեսական օգուտներ լինեն։

«Մենք հիմա բնապահպանական պլանի ձևավորման փուլում ենք։ Եթե հաճախորդն այն ընդունի և հաստատի, մեզ էլ ամեն ինչ ձեռք տա, ապա նախագծին վերջնական միանալու որոշում կկայացվի»,– նշել է Իլյինը։

Հիմա այդ պլանը ձևավորվում է, ու բանկում հուսով են, որ այն պատրաստ կլինի ու կներկայացվի տարեվերջին։

Իլյինը նաև հույս է հայտնել, որ հաճախորդի հետ բնապահպանական պլանը վերջնական համաձայնեցնելուց հետո այն կներկայացվի հանրությանը։

Ավելի վաղ բանկից հայտնել էին, որ բնապահպանական նոր փորձաքննություն են պատվիրել։

Հիշեցնենք` այս տարվա փետրվարին Հայաստանի Հանրապետության կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով կողմերը պարտավորվել են մոտ 150 մլն դոլարի ներդրում կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում: Նաև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս 100 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print