Նա հավելել է, որ կրկին կքննարկվի ԵՄ բյուջեի վերանայումը, որը նախատեսում է առաջիկա տարիներին Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ հատկացնել։
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը լրագրողներին ասել է, որ Եվրամիության երկրների ղեկավարները ուրբաթ երեկոյան չեն կարողացել կոնսենսուսի հասնել Ուկրաինային հետագա ֆինանսական օգնության թեմայի շուրջ և այդ հարցի քննարկմանը կվերադառնան հաջորդ տարվա սկզբին:
«Մենք գագաթնաժողով կպատրաստենք, որը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Միշելը։
Նա հավելել է, որ կրկին կքննարկվի ԵՄ բյուջեի վերանայումը, որը նախատեսում է առաջիկա տարիներին Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ հատկացնել։ Միշելը հաստատել է, որ բյուջեի նոր տարբերակի հաստատման գլխավոր խոչընդոտը Հունգարիայի դիրքորոշումն է։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X ցանցում հաստատել է, որ գագաթնաժողովում արգելափակել է Կիևի համար միջոցների հատկացումը։
«Մենք այս հարցին կանդրադառնանք հաջորդ տարվա սկզբին գագաթնաժողովում՝ անհրաժեշտ նախապատրաստություններից հետո»,- գրել է նա։
Politico-ն, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում Հունգարիան հասկացրել է, որ չի փոխի իր դիրքորոշումը Ուկրաինային ֆինանսական օգնության հարցում, ուստի այս հարցի քննարկումը հետաձգվել է 2024 թվականի սկզբին։