Իրազեկում սոցիալական ծախսի հիմնավորման նպատակով հարկ վճարողի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրս գրման վերաբերյալ․ ՊԵԿ

Լրացված անձնագրային տվյալների ճշտությունը հնարավոր է տեսնել «ստուգել» կոճակի միջոցով։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականից փուլային եղանակով մեկնարկում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:  Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։ «Կոմիտեն ծառայություն մատուցող հարկ վճարողներին տեղեկացնում է, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում, ֆիզիկական անձի կողմից իր և ընտանիքի անդամների համար կատարված սոցիալական ծախսերը հիմնավոր կհամարվեն և կարող են հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցվել, եթե այդ ծախսերի համար դուրս է գրվել ՀՀ հարկային օրենսգրքով և ՀՀ կառավարության 29 հունիսի 2023 թվականի N 1067-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ։ Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար ծառայություն մատուցողը պետք է կատարի հետևյալ քայլերը․ Անհրաժեշտ է մուտք գործել «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգ և լրացնել ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթուղթ։ Հաշվարկային փաստաթղթի ծառայություններ (աշխատանքներ) ստացող անձի տվյալներ հատվածում պետք է նշել «Ֆիզիկական անձ» նշատուփը, որից հետո կհայտնվեն լրացուցիչ դաշտեր։ Այդ դաշտերից անհրաժեշտ է նշել «ՀՀ քաղաքացի» նշատուփը և ընտրել սոցիալական ծախսի տեսակը՝ «առողջության ապահովագրություն (ապահովագրավճար), կրթական ծախս (ուսման վարձ)»։ Այնուհետև անհրաժեշտ է լրացնել հետևյալ տվյալները․ եթե սոցիալական ծախսը կատարվել է հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձի համար, ապա «ծառայություն ստացող» և «սոցիալական ծախս կատարող» հատվածներում պարտադիր պետք է լրացնել հայտարարագիր ներկայացրած քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը և անձը հաստատող փաստաթղթի  տվյալները։ Եթե սոցիալական ծախսը կատարվել է ընտանիքի անդամի համար, ապա «ծառայություն ստացող» հատվածում պետք է լրացվեն ընտանիքի անդամի տվյալները (ՀԾՀ և անձը հաստատող փաստաթուղթ), իսկ «սոցիալական ծախս կատարող» դաշտում՝ սոցիալական ծախսը կատարած, այսինքն, հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձի տվյալները։ Նշենք, որ ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորվում է ֆիզիկական անձի կողմից հարկ վճարողին ներկայացված փաստաթղթրի հիման վրա (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ): Լրացված անձնագրային տվյալների ճշտությունը հնարավոր է տեսնել «ստուգել» կոճակի միջոցով։ Եթե անձնագրային տվյալներում լինեն անճշտություններ, ապա համակարգի կողմից կցուցադրվի հաղորդագրություն, և հնարավոր չի լինի դուրս գրել տվյալ հաշվարկային փաստաթուղթը»,- ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print