Հայաստանն արձագանքում է Ադրբեջանի կեղծ բնապահպանական պահանջներին

Հանքարդյունաբերության ոլորտը և Հայաստանի, և Արցախի բյուջեում եկամուտների մեծ մասն էր ապահովում։

Խնդրահարույց ոլորտը Հայաստանում հաշվետու է դառնում։ Պետական մասնաբաժնի կառավարմամբ աշխատող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրել է իր կայուն զարգացման հերթական հաշվետվությունը և Կլիմայի հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի ուղեցույցով պատրաստված առաջին հետազոտությունը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը հայտնել է, որ Կառավարությունը հետևողական է լինելու լավագույն չափանիշների ներդրման հարցում։ Այստեղ է, որ անդրադարձ է կատարվել ադրբեջանական կեղծ բնապահպանական հայտարարոթյուններին ու ոլորտի զարգացման հեռանկարին։

2024-ի մարտին արդեն Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերությունը կսկսի աշխատել փակ եղանակով՝ փաստում է ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ Ընկերությունն արդեն մոտ 300 աշխատող կրճատել է, բայց եթե ամեն ինչ ընթանա նախատեսված սցենարով, ապա արդեն հաջորդ աշնանը արտադրական ծավալները կընդլայնվեն։

«Փակ եղանակով աշխատելու համար նախապատրաստական աշխատանքներ են պետք։ Պետք փորել, հասնել հանքաքարին։ Դրա համար ժամանակ է պետք։ Երբ կհասնեն այդ պրոցեսին ու կկարողանան աշխատել։ Դա կլինի մարտ ամիսը։ Մարտին կսկսեն մեծ ծավալով արդյունահանել, մինչև աշուն պլանավորվում է, որ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան կսկսի աշխատել»։

«Գեոպրոմայնինգ»-ում խնդիրներ առաջացան 44-օրյա պատերազմից հետո, երբ Սոթքի ոսկու հանավքայրի մեծ մասն անցավ Ադրբեջանի հսկոողության տակ։ Իրավիճակն այնքան բարդացավ, որ ընկերությունը որոշեց հանքի շահագործման բաց եղանակից անցնել փակի։ Ադրբեջանի կեղծ բնապահպանական հայտարարությունների ու թեզերի պակաս չկա։

Փոխնախարարը վստահեցնում է․ «Եթե մեզ  հետաքրքրքում են այն բնապահպանական կոչերը, որոնք իրականացվում էին, կարծում եմ՝ դրանք հավասար են այն նույն կոչերին, որոնք մենք ականատես եղանք նախորդ տարի։ Բոլոր այդ կոչերին լիազոր մարմինը ի դեմս շրջակա միջավայրի նախարարության արձագանքում է, ու մենք կմնանք այդ հայտարարության շրջանակներում»։

Խոշոր հարկատու, սահմանամերձ Սյունիքում հանքարդյունաբերական հսկա համարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբատում չեն սպասում, որ դժգոհություններ լինեն, իրենք են նախաձեռնում հետազոտություններ՝ պարզելու, թե ինչ ռիսկեր կան։

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան․ «Ադրբեջանական կողմը միշտ շահարկում է այդ մասը, իրենց մամուլում պարբերաբար դա օգտագործվում է։ Բայց մամուլից բացի, այլ տեղերում մեր ղեկավարման օրոք ենք հանդիպել, ազդակներ չենք ստացել»։

Ընկերությունում բացեր կան․ օրինակ՝ աշխատակիցերի աշխատանքային անվտանգային խնդիրները՝ արձանագրում է Արմեն Ստեփանյանը։ Սա ամենամեծ հարթակն է , որի ուղղությամբ պետք է աշխատեն։ Հանքարդյունաբերության ոլորտը և Հայաստանի, և Արցախի բյուջեում եկամուտների մեծ մասն էր ապահովում։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է՝ ոլորտը մինչև 2020թ ապահովում էր Արցախի պետական բյուջեի 1/3-ը, իսկ դրանից հետո 2/3 էր ապահովում։ «Բեյզ մեթալս» ընկերության մասին է խոսքը։ Այս ընկերությունն իր արտադրանքի մի մասը Հայաստանով էր արտահանում։

Եվ որ Հայաստանում ոլորտը անկում է գրանցում, պայմանավորված է նաև այս ընկերության կորստով․

«Այդ ընկերությունը մեր տնտեսության համար արտարժույթ էր ապահովում։ Մենք լուրջ գումար էինք բերում՝ վաճառելով պղինձը, բացի դրանից նաև սոցիալական խնդիրներ էր լուծում։ 1600 աշխատակից ուներ։ Հիմա աշխատողների զգալի մասը Հայաստանով ցրված են։ Հուսով եմ, որ Հայաստանի արդյունաբերական ընկերությունները կգտնեն նրանց ու կփորձեն աշխատանքով ապահովել, քանի որ նրանց զգալի մասը լավ աշխատողներ են»։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ հանքարդյունաբերության ոլորտի անկումը հիմնականում անվտանգային գործոնով էր պայմանավորված։ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում հանքրադյունաբերական ընկերությունները անվտանգային լուրջ խնդիրներ ունեն ՝ արձանագրում է Պարսյանը, դրանցով պետք է պետությունը զբաղվի։ Սա այն ոլորտն է, որն ապահովում է բյուջեի եկամուտների մեծ մասը։  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print