«Պատրաստ ենք խորացնելու համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որտեղ դրա կարիքը կա»։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է կազմակերպության դերը «ՀՀ կրթության` մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի» մշակման և այդ աշխատանքների իրականացման գործում:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը շեշտել է ակտիվ համագործակցությունը «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» («Global Partnership for Education») ծրագրի շրջանակում և ընդգծել կազմակերպության ջանքերը «Մարդասիրական արձագանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և երիտասարդների կրթության կարիքների» աշխատանքային խմբի համանախագահությունում:
«Պատրաստ ենք խորացնելու համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որտեղ դրա կարիքը կա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսը ողջունել է ՀՀ կառավարության կողմից կրթական բոլոր մակարդակներում իրականացվող լայնածավալ բարեփոխումները: Ռեգինա Դե Դոմինիկիսը, մասնավորապես, առանձնացրել է ներառական և նախադպրոցական կրթության, թվայնացման ռազմավարության, հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման, ինչպես նաև «Երիտասարդության մասին» օրենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրելու ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: