Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Աբովյան փողոցի 8 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող՝ 178 մլն 464 հազար դրամ կադաստրային արժեքով՝ օտարման ոչ ենթակա 638.2 քմ մակերեսով տարածքը կադաստրային արժեքից շուրջ 5 անգամ ցածր գնով՝ 32 մլն 170 հազար 500 դրամով, ուղղակի վաճառքով օտարվել է «Պրոգրես Արմենիա» ՍՊ ընկերությանը (Ընկերության բաժնետերերն են գործարար Ս.Մ.-ն և նրա կինը՝ Գ.Ք.-ն):
Գույքը ձեռք բերելուց մեկ տարի անց՝ 2006 թվականի մարտի 31-ին, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ս.Դ.-ի կողմից «Պրոգրես Արմենիա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Մ.-ին տրամադրվել է կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, ըստ որի՝ Ընկերության կողմից ձեռք բերված՝ Գեղագիտության կենտրոնի շենքի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և կարող է օտարվել: Մինչդեռ, Կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման համաձայն՝ նույն հասցեում գտնվող շենքն ընդգրկված է եղել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
Բացի այդ, ըստ պայմանագրի, գույքը ձեռք բերած Ընկերությունը պարտավորվել է մինչև 2006 թվականի ավարտը կատարել առնվազն 90 մլն դրամի ներդրում, որը չի կատարել, իսկ իրավասու պաշտոնատար անձանց կողմից տևական ժամանակ որևէ միջոց չի ձեռնարկվել գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում կիրառելու ուղղությամբ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
2023 թվականի դեկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով: