Արցախի իրավունքների պաշտպանությունը պետք է ստանձնի արցախյան էլիտան՝ թիվ մեկ պատասխանատուն:
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպելով Հայաստանում հասարակական հիմունքով գործունեություն ծավալող Արցախի պետական կառավարման կառույցների ներկայացուցիչների հետ հայտարարել է, որ նախագահի հրամանագրով Արցախի լուծարում նախատեսող իրավական ակտ գոյություն չունի: Ըստ այդմ, սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որով Սամվել Շահրամյանի ստորագրությամբ հայտարարվել է Արցախի լուծարման մասին, չունի իրավական ուժ: Այն, որ դա այդպես է, սեպտեմբերի 26-ից հետո հայտարարել են ամենատարբեր գործիչներ, նշելով, որ Արցախի հանրապետությունը չի կարող ինքնալուծարվել նախագահի հրամանագրով, Շահրամանյանի ստորագրությամբ հրամանագիրը չի կարող ունենալ իրավական ուժ: Սակայն այլ հարց է, որ այդ մասին հայտարարում է հենց Արցախի նախագահը, փաստացի ազդարարելով իր ստորագրած թղթի չեղարկման մասին, այլ կերպ ասած՝ Արցախի հանրապետության գոյության մասին:
Ընդ որում, Սերգեյ Շահրամանյանը շաբաթներ առաջ հարցազրույցի ընթացքում ակնարկել էր այդօրինակ զարգացման մասին: Ի՞նչ է նշանակում այն: Արցախի պետականությունը լուծարված չէ, բայց Արցախը հայաթափված է, կառավարական ինստիտուտներն էլ տեղափոխվել են Երեւան, բայց այստեղ դրանք չեն կարող գործել պետական իրավասությամբ, մի շարք թե իրավական, թե քաղաքական պատճառներից եւ հանգամաքներից ելնելով: Երեւանը տարբեր պաշտոնական մակարդակներով հայտարարել է, թե Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը կհարվածի Հայաստանի անվտանգությանը: Թե ինչ է նկատի առնվում դրա տակ՝ պարզ է: Ադրբեջանը, ըստ պաշտոնական Երեւանի տրամաբանության, կգնահատի դա որպես իր տարածքային ամբողջության դեմ հավակնություն եւ ըստ այդմ կհիմնավորի իր հավակնությունները Հայաստանի հանդեպ: Տրամաբանակա՞ն է: Առերեւույթ՝ այո, սակայն դե ֆակտո, Հայաստանի հանդեպ հավակնություններ Ադրբեջանը ներկայացնում է, կրում է այդ հավակնությունները առ այսօր, ընդ որում տարբեր ձեւաչափերով՝ թե պետական, թե հասարակական՝ պետական տողատակային աջակցությամբ:
Երեւանը չի՞ տեսնում դրանք: Թե՞ խնդիրը Ադրբեջանի արձագանքը չէ, այլ միջազգային դերակատարների, որոնք թերեւս Երեւանից պահանջում է նշաձողերը պահել որքան հնարավոր է ցածր, այլապես իրենք հանձն չեն առնում պահել՝ զսպել Ադրբեջանին: Բայց, ամբողջ հարցն այն է, որ նրանք դա հանձն չեն առնում նաեւ ցածր նշաձողերի պարագայում, կամ լավագույն դեպքում՝ առժամանակ, հորդորելով որքան հնարավոր է արագ կնքել խաղաղության պայմանագիր, որը միայն կերաշխավորի խաղաղություն: Ընդ որում, պայմանագրի հավասարակշռված բովանդակություն եւ բանակցային միջավայր փաստացի չի ապահովում ոչ ոք: Մինչդեռ, այդ իրավիճակը հղի է նրանով, որ կարող է իսպառ կորչել Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցը: Իսկ այդ իրավունքների հիմքը կարող է լինել վերադարձի իրավունքը:
Դրա համար կարեւոր առաջնային քայլ է Արցախի «ինքնալուծարման» ընկալումից հրաժարումը, սակայն դա միայն անհրաժեշտ, բայց ինչպես ասում են՝ բավարարից շատ հեռու քայլ է: Արցախի քաղաքական եւ տնտեսական էլիտաները պետք է լրջորեն խորհեն նոր իրողության պայմաններում ինքնակազմակերպման եւ արցախահայության իրավունքների պաշտպանության ռազմավարության ու մարտավարության շուրջ: Պաշտոնական Երեւանն այդ ընթացքում պետք է աջակցի առավելագույնը, եւ իհարկե անի դա ոչ պաշտոնապես, եւ առավելագույնս լուռ, առնվազն խուսափելով որեւէ հայտարարությունից, թե Արրցախի պետական կառույցների հայաստանյան գործունեությունը վտանգավոր է Հայաստանի համար: Ներկայիս իրողությունների պարագայում, Հայաստանի պետական ներգրավվածությունը հազիվ թե լինի Արցախի հարցի համար արդյունավետ, փոխարենը կարող է առաջացնել հավելյալ կաշկանդող գործոններ եւ հանգամանքներ:
Ըստ այդմ, Արցախի իրավունքների պաշտպանությունը պետք է ստանձնի արցախյան էլիտան՝ թիվ մեկ պատասխանատուն: Հայաստանում այդ գործունեության հասարակական հիմունքով կազմակերպումը չի կարող արգելել ոչ ոք: Արցախի հարցը փակված չէ, եւ դա թերեւս ամենից լավ պատկերացնում է հենց նա, որը միակն է, որ փորձում է հնարավորինս բարձր աղաղակել հարցը փակելու մասին՝ Իլհամ Ալիեւը: Այսօր աշխարհում հարցերը նոր միայն բացվում են: Սա չի նշանակում, թե վաղը կարող է տեղի ոունենալ դե ֆակտո իրողության շրջադարձ: Դա կարող է տեղի ունենալ մեկ տարի, տասը տարի կամ հարյուր տարի հետո, սակայն դրան պետք է պատրաստ լինել եւ այդ ուղղությամբ աշխատել այսօր եւ ամեն օր: