Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման լավ հեռանկարներ կան․ Զախարովա

Զախարովան կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու նախադրյալ ևս կա։

Կարծես թե լավ հեռանկարներ կան Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Այս մասին դեկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու նախադրյալ ևս կա։

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտությունների նվազեցմամբ և այս տարածաշրջանի հարուստ ներուժի բացահայտմամբ, ինչին կարող է նպաստել նաև «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը»,- նշել է նա։

Զախարովան կարծում է, որ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների շնորհիվ Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում։

«Մենք տեսնում ենք արտաքին ուժերի փորձեր՝ Երևանը ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակ անտարբեր հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Նրանք օգտագործում են հայ ժողովրդի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը բացառապես սեփական շահերի համար։ Հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Սա իսկապես չափազանց կարևոր է մեզ համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print