Թավրիզում կբացվի Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը

Աբդոլլահիանը վերահաստատել է, որ Թեհրանը սատարում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Թեհրանը համաձայնել է Թավրիզ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դեկտեմբերի 27-ին Երևանում հայաստանցի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսին։

«Հուսով ենք նոր տարվա առաջին շաբաթների ընթացքում իմ գործընկերոջ հետ կգտնվենք Թավրիզի գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությանը»,- նշել է իրանցի դիվանագետը՝ կարևորելով նախորդ տարի Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման փաստը։

Աբդոլլահիանը վերահաստատել է, որ Թեհրանը սատարում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Նրա խոսքով՝ Իրանը ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապահովվի առանց արտաքին ուժերի միջամտության:

2022-ի հոկտեմբերի 21-ին Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Արարողությանը ներկա է եղել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի կառավարությունը Կապանում հյուպատոսության ստեղծման մասին որոշումն ընդունել էր 2021-ի դեկտեմբերին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print