51-ամյա տղամարդը իրացրել է առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի հերոին, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներ, դրանք փաթեթավորելու համար նախատեսված փաթեթներ և էլեկտրական գրամային կշեռքներ:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հայտնաբերվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող 51-ամյա տղամարդ։ 

Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ վերջինիս ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքեր էին տարվում դեռևս 2023 թվականի մարտի 4-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որից թմրանյութերի ձեռքբերման վերաբերյալ անջատված մասը՝ մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան։ 

«Մյուս՝ նախաքննության փուլում գտնվող մասով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 51-ամյա բնակիչը զբաղվում է թմրամիջոցների, մասնավորապես՝  հերոին, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և այդպիսիք պահում է իր բնակարանում: 

2023 թվականի դեկտեմբերի 22-ին 51-ամյա տղամարդը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել է: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից, ՔՈԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների օժանդակությամբ, կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի հերոին, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներ, դրանք փաթեթավորելու համար նախատեսված փաթեթներ և էլեկտրական գրամային կշեռքներ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Երևանի 51-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print