ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործակցության խորացումը կհանգեցնի ինքնիշխանության կորստի․ Լավրով

Լավրովի կարծիքով՝ արևմտյան երկրների օգնությամբ Հայաստանը չի կարող հաղթահարել մարտահրավերները, որոնց առջև կանգնած է։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ թեմաների, խոսել է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առաջացած բարդությունների, ՆԱՏՕ-ի և արևմտյան երկրների հետ Հայաստանի շփումների մասին։

«Ցավոք, պաշտոնական Երևանը, տեղի տալով արևմտամետների հորդորներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը: Մոսկվայի հետ ժամանակի փորձված դաշնակցային կապը փոխում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն անորոշ խոստումների հետ։ Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել հանրապետության բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար։ Մենք բազմիցս հրապարակայնորեն խոսել ենք Ռուսաստանի մտահոգությունների մասին. այժմ իմաստ չունի կրկին թվարկել Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Նա համոզված է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և կհաղթահարվեն քաղաքական կամքի առկայության դեպքում․ «Հենց հայ-ռուսական կապերի կայուն և համակարգված զարգացումն է, որը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերին, որոնք ունեն ընդհանուր արժեքներ»։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նկատել է, որ Մոսկվայի և Երևանի միջև տպավորիչ տեմպերով զարգանում են առևտրատնտեսական կապերը․ «Սա երկու երկրների հարաբերությունների հիմքն է, ինչպես նաև կարևորագույն օգնություն Հայաստանի տնտեսության կայունության և Հայաստանի բնակչության բարեկեցության համար։ Վերջին տարիներին Հայաստանի ՀՆԱ-ի կտրուկ աճը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ և Եվրասիական տնտեսական միությանը Երևանի անդամակցությամբ։ Հաջորդ տարի Հայաստանը նախագահելու է ԵԱՏՄ-ում: Հաջողություն ենք մաղթում մեր գործընկերներին»։

Լավրովի կարծիքով՝ արևմտյան երկրների օգնությամբ Հայաստանը չի կարող հաղթահարել մարտահրավերները, որոնց առջև կանգնած է․ «ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում։ Նրանց խնդիրը բոլորովին այլ է՝ դուրս մղել Մոսկվային և տարածաշրջանային մյուս ուժերին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո»։

ՌԴ արտգործնախարարը նաև «վնասակար է համարում» Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության վերաբերյալ դատողությունները։

«Վերջին շրջանում Երևանը զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա առանձին անդամ երկրների հետ։ Այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների, շարունակում է իր զինված ուժերի արդիականացումը ՆԱՏՕ-ի չափանիշներով, հայ զինվորականները վերապատրաստվում են Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք պետություններում։ Դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Մենք բազմիցս հայ գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելն է և «բաժանիր, որ տիրես» սխեմայով մանիպուլյացիաների համար պայմաններ ստեղծելը։ Հուսով եմ՝ Երևանում գիտակցում են, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ինքնիշխանության կորստի ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print