Համացանցում տեսանյութ է հրապարակվել Երուսաղեմի հայկական թաղամասում տասնյակ իսրայելցիների կողմից տեղի հայերի վրա հարձակման վերաբերյալ:
Այս մասին գրում է jordannews.jo կայքը՝ նշելով, որ տեսանյութում երևում է, որ 30 իսրայելցի ներխուժում են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» կոչվող տարածք՝ հարձակվելով քահանաների, բնակիչների և հավատացյալների վրա:
Կայքը նկատում է, որ Իսրայելի ոստիկանությունն իսրայելցի ագրեսորների փոխարեն երկու հայ է ձերբակալել:
Նշենք, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Երուսաղեմում զանգվածային և համակարգված ֆիզիկական հարձակում է իրականացվել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ անդամների վրա:
Նա մանրամասնել էր, որ որոշ քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր ծանր վիրավոր են: