Տեղեկությունը հայտնել է Տոնոյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը։
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն առավել մեղմ խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությունը։
Տեղեկությունը Tert.am-ին հայտնեց Տոնոյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Դավիթ Գալստյանին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Հավելենք, որ Դավիթ Տոնոյանին թույլատրվել է օգոստոսի 1-ին ու 2-ին ներկա գտնվել ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։