🎦Բացահայտվել է 11 կգ 840 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ ներկրելու դեպք. կա 2 ձերբակալված

Նախորդ տարիների նման` 2024-ն էլ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի: Եվ այդ ուղղությամբ կատարված աշխատանքն արդեն արդյունք է տալիս նաև իրավապահ այլ կառույցների, մասնավորապես՝ նախաքննական մարմինների հետ համագործակցության շնորհիվ:

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ, 28 և 29 տարեկան երկու երիտասարդ ապօրինի ճանապարհով Հայաստան են ներկրում և իրացնում խոշոր չափերի թմրամիջոցներ:

Տեղեկությունն իրացնելիս վարչության ծառայողները համագործակցեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողների և մարզի պարեկների հետ:

Հունվարի 11-ին, ժամը 16.50-ին, Կապանի Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով, երևանցի երիտասարդները ձերբակալվեցին և, «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Կապանի բաժին:

Մեքենայի սրահում հայտնաբերված պոլիէթիլենային երեք փաթեթում կային 11 կգ 840 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ 4 կգ 846 գրամ մեթամֆետամինի, 6 կգ 289 գրամ մարիխուանայի, 202 գրամ հերոինի և 503 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ:

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

Հորդորում ենք մեր քաղաքացիներին զերծ մնալ թմրամոլությունից և հատկապես ապօրինի թմրաշրջանառությունից, քանի որ ոստիկանության և իրավապահ մյուս կառույցների պայքարն այդ չարիքի դեմ հետևողական է, ամենօրյա և շուրջօրյա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print