Շարունակում եմ եկեղեցական սպասավորությունս բերել Տաթևի վանքում․ Հոգեշնորհ Տեր Միքայել վարդապետ Գևորգյանը

Հոգեշնորհ Տեր Միքայել վարդապետ Գևորգյանը հորդորում է անհարկի չհոլովել իր անունը, չվերագրել իրեն անհամեստ հավակնություններ։

Տաթևի վանքի վանահայր Հոգեշնորհ Տեր Միքայել վարդապետ Գևորգյանն արձագանքել է իր հոգևոր սպասավորության վերաբերյալ քննարկումներին․

«Սիրելի բարեպաշտ հավատավոր ժողովուրդ,

վերջերս իմ սպասավորության վերաբերյալ տարբեր հարթակներում քննարկումներ եղան: Ուստի, հետագա տարակարծություններից խուսափելու համար, ցանկանում եմ ամենքիդ տեղեկացնել, որ շարունակում եմ եկեղեցական սպասավորությունս բերել Տաթևի վանքում, սակայն, առողջապահական որոշակի նկատառումներով պայմանավորված, ներկայումս ընդհանրական Սուրբ Պատարագ չեմ մատուցում։ Հորդորում եմ որևէ ձևով անհարկի չհոլովել իմ անունը, առավել ևս չվերագրել ինձ այնպիսի անհամեստ հավակնություններ, որոնք պարկեշտ չեն:

Իմ հորդորն է նաև, որ համբերությամբ զինվենք, խաղաղվենք և հույսով սպասենք, որ առողջապահական վերջնական դրական եզրակացության արդյունքում, կամոքն Աստուծո վերոհիշյալ հարցին շուտափույթ լուծում կտրվի և ես ընդհանրական Սուրբ Պատարագ կմատուցեմ։

Աղոթքով և օրհնությամբ` Հայր Միքայել»,- սոցցանցի իր էջում գրել է Տաթևի վանքի վանահայրը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print