Կառավարության պարտքի մայր գումարի և տոկոսավճարների սպասարկմանը կուղղվի 2 մլրդ դոլար

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին կառավարության պարտքի մայր գումարի և տոկոսավճարների վճարմանն ուղղել շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլար կամ 803 միլիարդ ՀՀ դրամ: Այս մասին հաղորդում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Այս վճարումների 65%-ը բաժին է ընկնելու ներքին պարտքին, իսկ 35%-ը՝ արտաքին պարտքին։ Արտաքին պարտքի մարման և սպասարկման գծով նախատեսվում է վճարել 716 միլիոն ԱՄՆ դոլար, որի 26%-ը կուղղվի Համաշխարհային բանկի, 24%-ը՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամի և 15%-ը՝ Ասիական Զարգացման Բանկի տրամադրած վարկերի մայր գումարի և տոկոսավճարների մարմանը։

Կառավարության ներքին պարտքի հիմնական բաղադրիչներն են ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական և արտարժութային պետական պարտատոմսերը։

Կառավարության արտաքին պարտքի հիմնական բաղադրիչներն են արտաքին վարկերը և փոխառությունները, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված ՀՀ պետական գանձապետական և արտարժութային պետական պարտատոմսերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print