Պարգեւավճարը դարձնում են օրենքի պահանջ. նոր նախագիծ կընդունվի. «Ժողովուրդ»

Նախատեսվում է, որ հավելավճարի հաշվարկման կարգով պետք է սահմանվի, որ դրա ձեւավորման ժամանակ հաշվի են առնվելու օրենքով նախատեսված պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելու հանգամանքը, որի պարագայում աշխատակիցն արդեն իսկ ունենալու է հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի քննարկվող նախագծերի շարքում է թաքնված՝ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Այն ենթադրում է հետեւյալը. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդնել կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ՝ հաշվի առնելով ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությունը: Բանն այն է, որ, ըստ նշված նախագծի, պարգեւավճարներ ստանալը դառնում է օրենքով սահմանված կարգ, ինչը պարգեւավճարների որոշումներ ստորագրողին ազատում է պատասխանատվությունից։

Նախատեսվում է, որ հավելավճարի հաշվարկման կարգով պետք է սահմանվի, որ դրա ձեւավորման ժամանակ հաշվի են առնվելու օրենքով նախատեսված պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելու հանգամանքը, որի պարագայում աշխատակիցն արդեն իսկ ունենալու է հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը: Ընդ որում՝ եթե աշխատողն ունենա Կառավարության կողմից սահմանված որակավորում եւ հարկային/մաքսային ոլորտի այլ հավաստագիր, ապա այդ աշխատողի համար պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելը հավելավճար ստանալու համար պարտադիր չի լինի, եւ նա արդեն իսկ կունենա հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը: Եթե կարճ ձեւակերպենք, ապա նախագծը «պարգեւավճար» եզրույթը դարձնում է «հավելավճար», իսկ պարտավորությունը դնում է պետության ուսերին՝ ասելով, որ դա օրենքն է ենթադրում, այլ ոչ թե որեւէ պաշտոնյա է կամայական որոշում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print