Երևանում կայացած «Հայ–ռուսական բիզնես–երկխոսություն 2022» գործարար առաքելությունից, միջտարածաշրջանային համաժողովից հետո «Ռոսիսկայա գազետային» տված հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետ, տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
«Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը բոլոր կողմերի համար էլ միանշանակ ընդունելի են։ Ադրբեջանի հանրապետության բնակիչները հնարավորություն կունենան ելք ու մուտք ունենալ Նախիջևան Հայաստանի տարածքով։ Իսկ հայերը վերջապես հնարավորություն կունենան ազատ երթևեկել, բեռնափոխադրումներ իրականացնել դեպի ՌԴ, Իրան և Կենտրոնական Ասիա Ադրբեջանի տարածքով»,- ասել է Օվերչուկը։
Անդրադառնալով տարածաշրջանում «արտատարածքային միջանցքին»՝ Օվերչուկը նշել է, որ նման բան չի կարող լինել, քանզի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը որոշումներ է կայացնում՝ ելնելով բացառապես երկրների ինքնիշխանության սկզբունքից։ Ըստ նրա բանակցությունների ընթացքում մշակվել է մի կարևոր սկզբունք․ «Ճանապարհի հսկողությունն իրականացնելու է այն երկիրը, որի տարածքով անցնում է այդ ճանապարհը»։ Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, ապա այն հայկական է, եթե Ադրբեջանի տարածքով` ադրբեջանական։