Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հունվարի 19-ին՝ ժամը 17.44-ին, ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել անտառային կոմիտեի ծառայության աշխատակիցը և խնդրել, որ Իջևան-Վազաշեն խաչմերուկ շտապ պարեկային կարգախումբ մոտենա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անտառային կոմիտեի ծառայության աշխատակիցը Վազաշեն բնակավայրի վերջնամասում փորձել է կանգնեցնել փայտանյութով բարձված առանց համարանիշերի «ԳԱԶ-66» և «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները, սակայն «ՈՒԱԶ»-ը դիտավորությամբ հարվածել է Շրջակա միջավայրի նախարարության «Նիսան Պատրուլին», ինչի հետևանքով մեքենան ընկել է ձորը, իսկ «ԳԱԶ-66»-ը և «ՈՒԱԶ»-ը հեռացել են:
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է փայտանյութով բեռնված և փախուստի դիմած «ՈՒԱԶ»-ի և «ԳԱԶ-66»-ի վարորդների ինքնությունը:
«ՈՒԱԶ»-ի 23-ամյա և «ԳԱԶ-66»-ի 59-ամյա վարորդները հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենաներով հանդերձ, տեղափոխվել են Իջևանի բաժին, որտեղ 23-ամյա երիտասարդը հայտնել է, որ փայտանյութը ապօրինի ձեռք է բերել Բերդ համայնքի անտառտնտեսության տարածքից՝ հատելով ծառի ճյուղեր:
Նաև հայտնել է, որ ինքն է «ՈՒԱԶ»-ով հարվածել և «Նիսան Պատրուլը» գցել ձորը, իսկ 59-ամյա տղամարդը հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի անտառից ապօրինի հատել է երկու կանգուն ծառ:
«ՈՒԱԶ»-ը և «ԳԱԶ-66»-ը տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:
23-ամյա և 59-ամյա վազաշենցի տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են
Տավուշի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: