🎥Միրզոյանը մանրամասներ է հայտնել բանակցություններից

Ադրբեջանը պահանջում է, որ ադրբեջանական բեռներն ու ուղևորները կարողանան հատել ՀՀ սահմանն ու Ադրբեջանից հասնեն Նախիջևան և հակառակ ուղղությամբ՝ առանց որևէ մաքսային վարչարարության, առանց սահմանի հատման անձնագրային վերահսկողության։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է Radar Armenia-ի հարցին. 

Հարց․ – Ադրբեջանի նախագահը վերջին հարցազրույցում կրկնեց միջանցքի գաղափարը։ Այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ են հնչել բոլոր կողմերից, այդ թվում՝ ռուսական, արևմտյան․․․ Դուք, վարչապետը խոսել եք քանիցս։ Կարո՞ղ եք հստակ ներկայացնել, թե ինչ է պահանջում և ինչպիսի ռեժիմ է պատկերացնում Ադրբեջանը պրոցեդուրալ/օպերացիոն մակարդակում, երբ ասում է, որ Զանգելանից Նախիջևան անցնող մարդիկ ու բեռները չպետք է ստուգման ենթարկվեն։ Ադրբեջանը ինչպե՞ս է հիմնավորում դա, և ինչպիսի՞ արձագանք է ստանում այդ հիմնավորումը միջնորդների, մասնավորապես, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի կողմից։ Լավրովն, օրինակ, ասում է, որ այդ ճանապարհը միջանցք չէ։ Եթե ստուգում չկա, այդ դեպքում ինչպե՞ս պիտի անցնեն այդ մարդիկ ու բեռները Հայաստանի տարածքով։ Գործնականում ինչպե՞ս պիտի կազմակերպվի գործընթացը՝ ըստ ադրբեջանական ակնկալիքի։

Միրզոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում հանգել են համաձայնության, որ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում, հավասարության ու փոխադարձության սկզբունքների համաձայն։ Ըստ նրա՝ Ադրբեջանն, ըստ էության, դեմ չէ այդ սկզբունքներին. «Սակայն, ինչպես Ադրբեջանի նախագահն ասաց վերջին հարցազրույցում, իրենք պահանջում են, որ ադրբեջանական բեռներն ու ուղևորները կարողանան հատել ՀՀ սահմանն ու Ադրբեջանից հասնեն Նախիջևան և հակառակ ուղղությամբ՝ առանց որևէ մաքսային վարչարարության, առանց սահմանի հատման անձնագրային վերահսկողության։ Երրորդ՝ այս ճանապարհը, ենթակառուցվածքը պետք է լինի ռուս սահմանապահների զինված վերահսկողության ներքո։ 

Ըստ էության, կարող եմ ասել, որ երեք պահանջն էլ ՀՀ ինքնիշխանության խախտում է ենթադրում։ Մենք չենք կարող ընդունելի համարել, որ որևէ մեկը, որևէ երկրի քաղաքացի սահմանն անցնի առանց սահմանային հատման վարչարարության։ Իհարկե, մենք պատրաստ ենք պրոցեդուրաների պարզեցման․ ժամանակակից աշխարհը, թվային տեխնոլոգիաները բավական նորարարական և արդյունավետ լուծումներ կարող են տալ, և որոշ լուծումներ կարող ենք քննարկվել։ Բայց գաղափարապես, որ որևէ մեկը հատի ՀՀ սահմանը, անցնի տարածքով, մյուս կողմից՝ ՀՀ սահմանից դուրս գա, և ՀՀ համապատասխան մարմինները պատշաճ չտեղեկանան, մեզ համար անընդունելի է։ Նույնը՝ երկրորդ կոմպոնենտը, մաքսային վարչարարությունը, որը բեռներին է վերաբերում։ Մենք պատրաստ ենք քննարկել՝ այս կամ այն վերաբերելի վճարն ինչպես պետք է արվի, կամ վճարի չափն ինչքան լինի, կարող են լինել որոշ փոխադարձ փոխզիջումային լուծումներ, բայց գաղափարապես, որ բեռները հատեն ՀՀ տարածքը, անցնեն ՀՀ տարածքով ու դուրս գան՝ առանց մաքսային վարչարարության, չի կարող լինել։ Սա հենց միջանցքային տրամաբանությունն է, որ մենք մշտապես ասել ենք՝ մեզ համար ընդունելի չէ։ Երրորդ կոմպոնենտը՝ անվտանգայինը. նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որ առանձնապես չի գործում, դրանով չկա որևէ կետ կամ սահմանում այն մասին, որ այս ենթակառուցվածքի անվտանգությունը պետք է ապահովի երրորդ կողմի որևէ ուժ, մասնավորապես, ռուս սահմանապահները։ Ճիշտ հակառակը՝ պարզ և ուղիղ նշվում է, որ անվտանգությունն ու ենթակառուցվածքները ապահովում է ՀՀ-ն»։ 

Նախարարը նշել է, թե Հայաստանը պատրաստ է և՛ այդ հատվածում, և՛ երկրի այլ տարածքներում երաշխավորել ենթակառուցվածքների անվտանգությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print