Վստահ ենք, որ 33 տարիներ առաջ թեմի վերաբացմամբ կերտված հաղթանակները կրկին կվերադառնան

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհավորանքի խոսք է հղել Արցախի թեմի վերաբացման 33-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Սիրելի հավատավոր զավակներ,

Առ Աստված գոհունակ սրտով և ուրախությամբ շնորհավորում ենք բոլորիս՝ Արցախի թեմի վերաբացման 33-րդ տարվա կապակցությամբ: Խորհրդային տարիների հալածանքներին ամենաերկար դիմացածներից և 1930 թ.-ին փակված թեմի վերաբացումը ծնունդն էր մեր ժողովրդի հոգևոր մղումների և ազգային ինքնության որոնումների: Արցախում սկսված ազատագրական շարժման կարևոր պտուղներից մեկը եղավ 1989թ հոկտեմբերի 1-ին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին Արցախի թեմի վերաբացումը Վազգեն Վեհափառի սրբատառ կոնդակով, որով քանդվեց նաև կեսդարյա հոգևոր շրջափակումը»,-նշվել է թեմակալ առաջնորդի ուղերձում։

Իր շնորհավորանքի խուսքում Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշել է, որ ի դեմս թեմի առաջին առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի, նվիրյալ հոգևորականների Արցախի թեմը կարողացավ կենդանացնել հոգևոր դաշտը՝ ամուր հիմք ստեղծելելով ժողովրդի վերաքրիստոնեացման համար։ ⠀

«Աղոթում ենք, որ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի 33 տարիները խորհրդանշող հասակը Արցախի թեմի համար խաչելությունից հետո դառնա հարության և հարատևման խորհրդանիշ և ազդակ, և վստահ ենք, որ 33 տարիներ առաջ թեմի վերաբացմամբ կերտված հաղթանակները կրկին կվերադառնան՝ մեր հավատքի և հայրենիքի հանդեպ նվիրումի շնորհիվ»- ասել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print