📹Հայտնաբերվել և ձերբակալվել է անդրազգային հանցավոր խմբի պարագլուխներից մեկը

Պետությանը պատճառել է ավելի քան 130 միլիոն դրամի նյութական վնաս։

Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել է անդրազգային հանցավոր խմբի պարագլուխներից մեկը: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և արտերկրի մի շարք բնակիչների կողմից համակարգչային հափշտակություններ, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում և կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու նպատակով 2022 թ. մարտից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր անդրազգային հանցավոր խումբ:

Ստացված տեղեկությունների հիման վրա քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանցավոր խմբի մասնակիցները պատրաստել և գործարկել են կեղծ կայքեր, որոնք ակտիվ գովազդել են տարբեր սոցիալական ցանցերում` դրանցում նշելով ներդրումների բարձր եկամտաբերությունը և գործընթացի պարզությունը: Արդյունքում՝ մոլորության մեջ գցելով օտարերկրյա քաղաքացի տարբեր անձանց և չարաշահելով նրանց վստահությունը՝ հանցավոր խմբի անդամները հափշտակել են խոշոր չափի գումարներ:
2023 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանի տարբեր հասցեներում իրականացվել են խուզարկություններ:

Հիմնավորվել է, որ հիշյալ հանցավոր խումբը օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչուր ամիս հանցավոր մեխանիզմով հափշտակել է խոշոր չափերի գումար` կրիպտոարժույթով, որը հետագայում հանցավոր խմբի անդամները փորձել են օրինականացնել (փողերի լվացում):
Պետությանը պատճառել է ավելի քան 130 միլիոն դրամի նյութական վնաս։

Հիմնավոր փաստերի հիման վրա 20 անձի մասով միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը չի մերժել։

Այժմ ոստիկանությունն իրականացնում է ակտիվ համագործակցություն եվրոպական երկրների կիբեռհանցագործոթյունների գծով իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print