Փորձագետները նշել են Ամազոնիայում ռեկորդային երաշտի գլխավոր պատճառը

Կլիմայական փոփոխությունները հանգեցրել են ջերմաստիճանի բարձրացման եւ տեղումների նվազման։

2023թ. բրազիլական Ամազոնիայում ռեկորդային երաշտը պայմանավորված էր կլիմայի փոփոխություններով։ Այսպիսի եզրահանգման է եկել World Weather Attribution (WWA) կենտրոնի գիտնականների միջազգային թիմը։

«2023թ. ռեկորդային երաշտի հիմնական պատճառը Բրազիլիայի ամազոնական շրջանում կլիմայական փոփոխություններն էին՝ պայմանավորված մարդու գործունեությամբ»,- նշվել է կազմակերպության կայքում տեղադրված զեկույցում։

Գիտնականների խոսքով՝ Էլ-Նինյոյի ազդեցությունը եղանակի վրա Ամազոնի ջրավազանում զգալիորեն ավելի թույլ էր, քան ենթադրում էին մասնագետները։ «Կլիմայական փոփոխությունները հանգեցրել են ջերմաստիճանի բարձրացման եւ տեղումների նվազման։ Այս գործոնները 30 անգամ բարձրացրել են 2023թ. աննախադեպ երաշտի հավանականությունն այն իրավիճակի համեմատ, որտեղ միակ գործոնը կլիներ Էլ-Նինյոն»,- նշել են հետազոտության հեղինակները։

WWA-ի զեկույցը պատրաստել են օդերեւութաբանները Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից եւ ԱՄՆ-ից։ Նրանք համեմատել են կլիմայի ժամանակակից դիտարկումները այն տեղեկությունների հետ, որոնք ստացվել են մինչարդյունաբերական դարաշրջանում։

Բրազիլական Ամազոնիան 2023թ. մարտին ենթարկվեց անասելի երաշտի։ Տեղումների քանակը զգալիորեն ցածր էր նորմից, գետերը նոսրացել էին՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի, եւ մշտական բարձր ջերմաստիճանների ֆոնին հաճախակիացել էին անտառային հրդեհները։ Ջրի անոմալ բարձր տաքությունը Ամազոնի ջրավազանում հանգեցրեց տարածաշրջանում բնակվող ձկների եւ կենդանիների զանգվածային անկման։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print