Բերման ենթարկվելիս նա ոտքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
«Ճվճըվ Արոյի» 33-ամյա որդուն՝ Սարգիս Վարդանյանի (Սաքուլիկ մականունով) նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հունվարի 25-ին հայտնել էինք, որ 33-ամյա երիտասարդը ժամեր շարունակ մայրաքաղաքում Mercedes մակնիշի մեքենան վարել է անկանոն, բարձր արագությամբ՝ խախտելով երթևեկության կանոնները, ընդհուպ՝ անցնելով կարմիր լույսի տակով։ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է երթևեկությանը հակառակ ուղղությամբ՝ այդ ամբողջ ընթացքում վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։
Ոստիկանություն ստացված ահազանգից հետո կարճ ժամանակ անց՝ ժամը 02:00-ի սահմաններում մեքենան նկատվել է Ազատության պողոտայի ու Թբիլիսյան խճուղու հատվող հատվածում։ Այն կանգ չի առել անգամ պարեկների հրահանգներից հետո, սլացել է Կոտայքի մարզի ուղղությամբ, ճանապարհին բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային, ապա նաև պարեկների ծառայողական ավտոմեքենային։ Շարունակելով փախուստը՝ Վերին Պտղնի գյուղի թունելային հատվածում կանգ է առել, վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից ու փորձել ոտքով փախուստի դիմել։
Պարեկները հետապնդել են նրան։ Բերման ենթարկվելիս նա ոտքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ ձերբակալվելու ընթացքում, խախտելով մարդկանց անդորրը, հայհոյել է այդտեղ հավաքված մարդկանց ներկայությամբ:
Պարզվում է նաև, որ Սարգիս Վարդանյանը չի ունեցել վարորդական իրավունք, ձերբակալվելուց հետո էլ հրաժարվել է սթափության զննության ենթարկվելուց:
Վերջինս, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափի՝ 0.0026 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 2-րդ և 3-րդ մասերով, 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասով, 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված վարելը) 2-րդ մասով և 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: