Գորիսն ու Սիսիանը կարևոր են, սակայն պակաս կարևոր չէ Մեղրին. ՏԿԵ փոխնախարար

Փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ղեկավար Վինսենթ Տանգիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

ԶՖԳ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի ղեկավարությանը՝ իրենց այցը Սյունիքի մարզ պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։

Նա ընդգծել է, որ ֆրանսիական կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ Սյունիքի նախնական ուսումնասիրության փուլն արագ ավարտին հասցնելու համար։ Կազմակերպությունը նախկինում ջրամբարաշինության հարցում զգալի ավանդ է ունեցել Վեդիում, այժմ ԶՖԳ-ի հետաքրքրության կենտրոնում Գորիսն ու Սիսիանն են։

ՏԿԵ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ԶՖԳ պատվիրակությանը՝ ցուցաբերած հետաքրքրության համար։ Նա ընդգծել է, որ դիմակայության և խոցելիության տեսանկյունից Գորիսն ու Սիսիանը կարևոր են, սակայն, ըստ ՏԿԵ փոխնախարարի՝ գյուղատնտեսության, շուկայի տեսանկյունից ուշադրության արժանի է նաև Մեղրին։

ԶՖԳ պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ կա հստակ ցանկություն՝ գործընթացն ավելի արագ իրականացնելու համար։

Այժմ Ֆրանսիայի ֆինանսների նախարարության հետ քննարկվում է ծրագրի համար դրամաշնորհը հնարավորինս արագ հատկացնելու հարցը։

ՏԿԵ փոխնախարարն ավելացրել է, որ որքան էլ կարևոր է ոռոգման ջրի հետ կապված հարցերի լուծումը, ցանկալի կլիներ համագործակցությունը նաև խմելու ջրի հարցում զարգացնելու հեռանկարը, հատկապես որ կա նման գործակցության արդյունավետ նախադեպ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print