Fly Arna ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են

Վերջին շրջանում խնդիրներ են առաջացել Fly Arna-ի բաժնետոմսերի կեսը տնօրինող ԱՆԻՖ պետական ընկերությունում, որտեղ վերջերս փոփոխություններ իրականացրեց Էկոնոմիկայի նախարարությունը՝ հեռացնելով կառավարչին ու փոխելով խորհրդի կազմը։

2 տարի առաջ հիմնադրված Fly Arna ընկերության թռիչքները դադարեցված են, ինչի մասին հայտնում է հենց ընկերությունը։ Այս պահին կայքից կարելի է տոմսեր գնել, սակայն դրանք ոչ թե Fly Arna-ի թռիչքներն են, այլ կատարվում են ընկերության համասեփականատեր Air Arabia-ի կողմից և Շարժայով՝ տրանզիտային տարբերակով, հայտնում է Ազատությունը։

«Fly Arna ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով։ Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ», – այս հակիրճ հայտարարությունից բացի ընկերությունը այլ մանրամասներ չի հայտնում և առայժմ հրաժարվում է պատասխանել նաև «Ազատության» հարցերին։

Fly Arna ընկերությունը ստեղծվել էր 2021 թվականին Air Arabia ավիաընկերության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» կողմից, 2022-ին ստացել էր օդային օպերատորի վկայականը և սկսել առաջին թռիչքները դեպի Եգիպտոս, ապա ավելացրել ևս մի քանի ուղղություն։ Հիմնադիրները հայտարարում էին, որ այն ազգային ավիափոխադրող է և իրականացնելու է մատչելի թռիչքներ պահանջված ուղղություններով։

Վերջին շրջանում խնդիրներ են առաջացել Fly Arna-ի բաժնետոմսերի կեսը տնօրինող ԱՆԻՖ պետական ընկերությունում, որտեղ վերջերս փոփոխություններ իրականացրեց Էկոնոմիկայի նախարարությունը՝ հեռացնելով կառավարչին ու փոխելով խորհրդի կազմը։

Նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակն այն էր, որ «ԱՆԻՖ-ը լինի բյուրեղյա մաքրությամբ և թափանցիկությամբ ընկերություն»։ Իսկ ոչ թափանցիկ գործունեության մասին ավելի վաղ խոսել էր Արժույթի միջազգային հիմնադրամը՝ IMF-ը, ինչպես նաև Պետական վերահսկողական ծառայությունը, որը «Ազատությանը» հայտնել էր, որ «ընկերությունում հայտնաբերվել են պետությունից ստացված ֆինանսական միջոցները անարդյունավետ ծախսելու բազմաթիվ դրվագներ»։

Էկոնոմիկայի նախարարությունը չէր ընդունել նաև ԱՆԻՖ-ի 2022-ի հաշվետվությունը, քանի որ «համարել է, որ այն ճշգրիտ չի արտացոլում ԱՆԻՖ-ի ֆինանսական արդյունքը», տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասել էր Քերոբյանը։ «Ազատությունը» հարցում էր ուղարկել Էկոնոմիկայի նախարարությանը՝ հետաքրքրվելով արդյո՞ք Fly Arna ընկերությունում առաջացած խնդիրները կապված են ԱՆԻՖ-ում եղած խնդիրների հետ։ Նախարարությունից պատասխանել են, որ «Կառավարության և «Էյր Արաբիա» ընկերության միջև բանակցություններ են տարվում «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲ ընկերության կառավարման մոդելի և հետագա գործունեության հնարավորինս արդյունավետ ձևաչափի մշակման ուղղությամբ։ «Էյր Արաբիա» ընկերության շարունակում է մասնակցել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲ ընկերությանը, բանակցությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացվի կարճ ժամանակամիջոցում»։

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Իսկ Fly Arna ընկերությունում ծագած խնդիրների մասին վկայում է ոչ միայն ընկերության կողմից թռիչքների կասեցումը, այլև ավելի վաղ ընկերության կողմից հայկական ռեգիստրից երկու “Airbus A320” օդանավերից մեկի հեռացումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print