Առաջարկվում է թանկարժեք մետաղների արտահանման գործընթացն իրականացնել լիցենզիաների տրամադրմամբ

Ըստ Վահան Քերոբյանի` առաջարկվող կարգավորումներն առավել արդյունավետ կդարձնեն թանկարժեք մետաղների վերամշակման գործընթացը` զարգացնելով պարզ ձուլակտորներից դեպի առավել բարձր ավելացված արժեք ունեցող արտադրատեսակների արտադրությունը եւ արտահանումը:

Առաջարկվում է թանկարժեք մետաղների արտահանման գործընթացն իրականացնել լիցենզիաների տրամադրմամբ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նախագծի նպատակն է կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների` ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտաքին առեւտուրը. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները:

«Նպատակ ունենալով խթանելու հումքի փոխարեն առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը` ՀՀ կառավարության մի շարք որոշումներով արդեն իսկ արգելվել է սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը: Լիցենզավորվող գործունեություն է սահմանվել սեւ եւ գունավոր մի շարք մետաղների արտահանումը` սահմանելով պետական տուրք»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ նշված կարգավորումները նպաստել են տեղում սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու եւ առավել բարձր ավելացված արժեքով արտադրանք արտահանելու համար:

Կառավարությունն առաջարկում է նախագծով ներկայացված ապրանքների արտահանման գործընթացն իրականացնել լիցենզիաների տրամադրման միջոցով, սահմանել պետական տուրք ոսկու եւ պլատինի ձուլակտորների, ինչպես նաեւ պալադիումի արտահանման նպատակով տրվող լիցենզիաների համար:

Ըստ Վահան Քերոբյանի` առաջարկվող կարգավորումներն առավել արդյունավետ կդարձնեն թանկարժեք մետաղների վերամշակման գործընթացը` զարգացնելով պարզ ձուլակտորներից դեպի առավել բարձր ավելացված արժեք ունեցող արտադրատեսակների արտադրությունը եւ արտահանումը:

Զեկուցողը փաստել է, որ Կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2022-2023 թվականներին կատարվել են խոշոր ներդրումներ մետալուրգիական արդյունաբերության մեջ: Նախարարի խոսքով վերջին տարիներին կտրուկ ավելացել են ոսկու արտահանման ծավալները:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` Վահան Քերոբյանն ընդգծել է` գործադիրում քննարկվում է միջազգային առեւտրով զբաղվել ցանկացող ընկերությունների համար պատշաճ միջավայր ստեղծելու հարցը:

Նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print