Արաքսից ջուր կվերցնեն Ախուրյանի համար

Նախագծով առաջարկվում է Արաքս գետից ջուր վերցնել «յուրաքանչյուր տարի նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում» տարեկան կտրվածքով սահմանված, ՀՀ-ի մասնաբաժնի ջրածավալները չգերազանցող ամբողջ ծավալով։

Կառավարությունն առաջարկում է Ախուրյանի ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով Արաքս գետից ջուր վերցնել և տեղափոխել Մեծամորի գետավազան:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է.      
«Սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում և առկա է արտեզյան հորիզոնների և Մեծամոր գետի ջրատվության նվազում, որը կարող է հանգեցնել տվյալ տարածաշրջանի ջրային ռեսուրսի հյուծմանը։
Համաձայն 1927 թվականի Սովետա-Թուրքական կոնվենցիայի (մինչ օրս գործում է), կողմերին (Հայաստան-Թուրքիա) վերապահված է Արաքս սահմանային ջրահոսքը օգտագործել հավասարաչափ՝ որից ՀՀ մասնաբաժինը կազմում է տարեկան 721.7 մլն.մ/խ։ ՀՀ-ի կողմից վերջին տարիներին օգտագործված տարեկան ջրածավալները կազմել են՝ 2020թ.-291.883 մլն.մ/խ, 2021թ.-274.18 մլն.մ/խ, 2022թ.-400.2 մլն.մ/խ, 2023թ.-306.77 մլն/մ/խ։ Վերջին տարիների ՀՀ-ի կողմից օգտագործված առավելագույն ջրաքանակը եղել է 2022 թվականի ընթացքում և կազմել  է տարեկան շուրջ 400.0 մլն. մ/խ, ինչը կազմում է ՀՀ-ի մասնաբաժնի շուրջ 55%-ը։

Նախագծով առաջարկվում է Արաքս գետից ջուր վերցնել «յուրաքանչյուր տարի նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում» տարեկան կտրվածքով սահմանված, ՀՀ-ի մասնաբաժնի ջրածավալները չգերազանցող ամբողջ ծավալով։

Նախագծով առաջարկվում է Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը տրված ջրօգտագործման թույլտվության շրջանակում և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերությանը իրենց կողմից շահագործվող ջրային համակարգերի միջոցով Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝  առանց հասույթի ձևավորման:

Նախագծով սահմանված գործողությունները առաջարկվում է տարածել 2023 թվականի նոյեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա, քանի որ էկոլոգիական անբարենպաստ վիճակով պայմանավորված՝ նշված ժամանակահատվածից որոշակի ծավալով ջրալրումներ են իրականացվել։ Հաշվի առնելով այն, որ իրականացված ջրալրումները չեն օգտագործվել ոռոգման նպատակով՝ առաջարկվում է տվյալ ջրածավալների նկատմամբ ևս հասույթ չձևավորել»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print