Այստեղ հարց է առաջանում՝ ինչ պետք է անի հասարակությունը, քանի որ հասկանալի է, որ հնարավորությունների հետ մեկտեղ նաև հսկայական խնդիրներ են ի հայտ գալիս, նկատեց նա։
Արհեստական ինտելեկտի դարաշրջանում համաշխարհային տնտեսական աճը կարող է հերքել բոլոր նախորդ տեսությունները: Այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը AI for business («Արհեստական բանականություն բիզնեսի համար») համաժողովում, որն անցկացվում է Երևանում։
«Բոլոր գոյություն ունեցող տնտեսական տեսությունները խոսում են այն մասին, որ եթե ինչ-որ նորարարության արդյունքում տնտեսական աճը կտրուկ արագանում է, ապա որոշ ժամանակ անց տնտեսությունը, միևնույն է, վերադառնում է միջին երկարաժամկետ աճի տեմպերին։ Հիմա համաշխարհային փորձագիտական հանրություններից կարելի է առաջին անգամ լսել այն մասին, որ հնարավորություն կա երկար ժամանակ պահպանել աճի ուժեղ տեմպերը»,-հայտարարել է Գալստյանը։
Նրա խոսքով՝ այդպիսի հնարավորությունների մասին կարելի է խոսել, օրինակ, տեսնելով, որ AI-ի (մասնավորապես ալգորիթմների, որոնք հայտնի են որպես LLM կամ խոշոր լեզվական մոդելներ) ներդրման ծախսերը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ նվազում են 70%-ով։
Այստեղ հարց է առաջանում՝ ինչ պետք է անի հասարակությունը, քանի որ հասկանալի է, որ հնարավորությունների հետ մեկտեղ նաև հսկայական խնդիրներ են ի հայտ գալիս, նկատեց նա։
«Կարծում եմ՝ դա հասկանալու միայն մեկ ձև կա. պետք է ձևավորել հանրային օրակարգ, ոչ թե բիզնեսի կամ պետության, այլ ամբողջ հասարակության։ Պետք է հասկանալ, թե ինչ է լինելու աշխատատեղերի, պետական ծառայությունների և կառավարման հետ։ Սա ազգային կարևորության հարց է»,- հավելել է Գալստյանը։
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, նաև մեծ հնարավորություններ են բացվում։ Օրինակ, ըստ համաշխարհային գնահատականների, AI-ի տարրերով էլեկտրական մեքենաներով ինքնավար (առանց վարորդի) տաքսիների հարթակները կարող են առաջիկա տարիներին 10 տրիլիոն դոլարի շուկա ստեղծել: