95 և ավել տոկոսով բացառվել է սիգի որսը:
Կառավարության որոշմամբ սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2024 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը։
Անդրադառնալով այս թեմային՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ 95 և ավել տոկոսով բացառվել է սիգի որսը. «Այդ արգելքի շրջանում մեկ-երկու դեպք բացահայտվեց, երբ որս էր իրականացվում։ Ըստ էության, երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամն է նման բան տեղի ունենում, երբ այդ արգելքը գործադրվում է։ Սա տեղի է ունեցել պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ։ Սա այն դեպքն է, որ միայն քաղաքական կամքը բավարար չէր»։
Նա նաև նշել է, որ պլանավորել են ջրային պարեկային ոստիկանությունը համալրել նոր տեխնիկայով։ «Սա առաջին անգամն է, երբ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն, և սա նույնպես կարևոր արձանագրում է»,- ասել է նա։ Վարչապետը մեկնաբանել է, որ սա արվում է Սևանա լճում ձկնապաշարը վերարտադրությունը և բազմացումն ապահովելու համար. «Սա ազգային հարստություն է, բայց, մեծ հաշվով, Սևանում ձկնապաշարի նորմալ վերարտադրության և բազմացման առաջին շահառուները Սևանի ավազանում ապրողներն են, որ փորձում են ընդդիմանալ ու բողոքում էին այդ սահմանափակումների կապակցությամբ»։