«Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք». տեսանյութերի մրցույթ՝ Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ

Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող է ներկայացնել մինչև մեկ րոպե տևողությամբ միայն մեկ տեսանյութ, որում Արցախի բարբառով կներկայացվի ոչ նյութական մշակութային ժառանգության տարրեր պարունակող /խոհանոց, ծեսեր, ավանդույթներ, երգ, պար և այլն/ բեմականացում:

Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Լեզվի կոմիտեն և ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտը դպրոցների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում անցկացնում են «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը:

Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող է ներկայացնել մինչև մեկ րոպե տևողությամբ միայն մեկ տեսանյութ, որում Արցախի բարբառով կներկայացվի ոչ նյութական մշակութային ժառանգության տարրեր պարունակող /խոհանոց, ծեսեր, ավանդույթներ, երգ, պար և այլն/ բեմականացում:

Մրցույթին մասնակցող ուսումնական հաստատությունները պետք է տեսանյութը նախապես հրապարակեն իրենց ֆեյսբուքյան էջում #խոսումենքԱրցախիբարբառով նշիչով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը:

Ուսումնական հաստատության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի հղումը մինչև 2024 թ. փետրվարի 15-ը ներառյալ պետք է ուղարկել mayreni@escs.am էլ.փոստին՝ նշելով ուսումնական հաստատության ամբողջական անվանումը:

Համաձայն սահմանված չափանիշների՝ մրցութային հանձնաժողովի ընտրած լավագույն 12 տեսանյութերը կհրապարակվեն նախարարության սոցիալական հարթակներում:

Մրցութային հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարությունից, Լեզվի կոմիտեից, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից և ԿԶՆԱԿ-ից:

Մրցույթի կանոններին չհամապատասխանող տեսանյութերը չեն դիտարկվելու:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրը: Հաղթող ճանաչված ուսումնական հաստատությունները կպարգևատրվեն խրախուսական նվերներով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print