Սա մարզիկների համար իրենց հետ Փարիզից մի կտոր տանելու հնարավորություն է:
2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի մեդալները կպատրաստվեն Էյֆելյան աշտարակից վերցված մետաղից, հայտնում է BBC-ն։
Փետրվարի 8-ին կազմակերպիչները հանրության են ներկայացրել մեդալների նմուշները՝ որոնց կենտրոնում զետեղված է աշտարակի վերանորոգումից հետո մնացած մետաղի ջարդոնից պատրաստված երկաթե վեցանկյուն։
1887-1889 թվականներին կառուցված և նախագծի հեղինակի՝ Գուստավ Էյֆելի անունը կրող աշտարակի վերանորոգումից մնացած մետաղի ջարդոնը երկար տարիներ պահվել է գաղտնի պահեստում:
«Սա մարզիկների համար իրենց հետ Փարիզից մի կտոր տանելու հնարավորություն է: Էյֆելյան աշտարակը հենց Փարիզի խորհրդանիշն է»,- ասել է Օլիմպիական խաղերի կրեատիվ տնօրեն Թիերի Ռեբուլը։
Օլիմպիական մեդալների հակառակ կողմի կենտրոնում պատկերված է հաղթանակի դիցուհի Նիկեն, իսկ նրա շուրջը՝ Աթենքի Ակրոպոլիսն ու Էյֆելյան աշտարակը։
Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 11-ը, իսկ Պարալիմպիկ խաղերը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։