Ամերիկացիները միջնորդների միջոցով փոխանցել են, որ առանց Ուկրաինայի մասնակցության չեն քննարկելու հնարավոր զինադադարը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ազդակներ է ուղարկել ԱՄՆ-ին՝ Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին, սակայն Վաշինգտոնը մերժել է այն երկու կողմի միջնորդների հետ շփումներից հետո։ Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Գործակալության ռուսական աղբյուրի խոսքով՝ Կրեմլն առաջարկել է սառեցնել ռազմական գործողությունները ներկայիս շփման գծում՝ չցանկանալով զիջել այն տարածքները, որոնց նկատմամբ Ռուսաստանը վերահսկողություն է սահմանել։
Ռուսական մեկ այլ աղբյուրի համաձայն՝ ամերիկացիները միջնորդների միջոցով փոխանցել են, որ առանց Ուկրաինայի մասնակցության չեն քննարկելու հնարավոր զինադադարը, ուստի շփումներն ավարտվել են անհաջողությամբ։
Գործակալության ամերիկյան աղբյուրն էլ հայտնել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև պաշտոնական շփումներ չկան, և ընդգծել, որ ԱՄՆ-ն չի մասնակցի Ռուսաստանի հետ բանակցություններին, որոնք շոշափում են Ուկրաինայի շահերը։ Ռուսաստանի իշխանությունները չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Մոսկվան մի քանի անգամ մեղադրել է Ուկրաինային երկխոսությունից հրաժարվելու համար։ Ուկրաինայի իշխանություններն էլ բազմիցս նշել են, որ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ է անվերապահորեն կատարել Ուկրաինայի՝ որպես ագրեսիայի ենթարկված երկրի պահանջները։
Հիմնական պայմանը Ուկրաինայից ռուսական զորքերի անհապաղ դուրսբերումն է և 1991 թվականի սահմանների հաստատումը։