Մինչև 16 մլն դրամ կտրամադրվի սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար․
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավվում են․ մասնավորապես՝
- 1 տարով երկարաձգվում է ծրագրի գործողության ժամկետը, այսինքն շահառուները կկարողանան դիմել և ծրագրից օգտվել մինչև 2025 թ դեկտեմբերի 30-ը։
- Եթե շահառուների ամուսնության պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված փաստաթղթերը ներկայացվում են հյուպատոսական վավերացմամբ և նոտարական կարգով հաստատված հայերեն լեզվով թարգմանված տարբերակով։
- Սահմանվում են բանկի սեփական ռեսուրսով վարկավորման պայմանները, ինչը հնարավորություն կտա այլ բանկերին ևս միանալ ծրագրին և սեփական ռեսուրսով իրականացնել վարկավորում։
Ծրագրի շահառուները հնարավորություն ունեն հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում՝ պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։
Անհրաժեշտ է բավարարել երկու պայմանի՝ ունենալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնություն, և ամուսնիններից առնվազն մեկն ունենա ՀՀ քաղաքացիություն։
Վերջիններս կարող են ծրագրից օգտվել, եթե ունեն՝
- սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրում,
- շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն,
- նախագիծ/նախահաշիվ։
2024 թվականի փետրվարի 13-ի դրությամբ՝ գործընկեր բանկերից (Կոնվերս Բանկ, Էվոկաբանկ, Ամերիաբանկ, Ակբա Բանկ) ստացվել և ՄՍԾ կողմից հաստատվել է 412 շահառուի հայտ, որից 229-ն արդեն վարկավորվել են։
Հաստատված հայտերի բաշխվածությունն ըստ մարզերի՝
Տավուշ — 239
Սյունիք – 54
Արարատ — 50
Վայոց Ձոր – 47
Գեղարքունիք – 22