Ներքին Հանդի բնակիչներին մտադրված փորձում են պահել վախի մեջ
Մարդու իրավունքների նախկին պաշտպան արման Թաթոյանը, որն այցելել է Սյունիքի Ներքին Հանդ գյուղ, ընդգծում է՝ բնակիչների անվտանգ կյանքը վաղուց խաթարված է, տարածքի մի մասն՝ օկուպացված․ «Չպետք է թույլ տանք, որ միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները»։
«Ներքին Հանդում պարզեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողները տարբեր ժամանակ իրենց դիրքերի (Հայաստանի ներխուժած հատվածներում) անմիջական հարևանությամբ իրականացնում են ականների պայթյուններ, լսվում են կրակոցներ: Ադրբեջանական իշխանություններն իրականացնում են նաև զորավարժություններ գյուղից այնպիսի հեռավորության վրա, որ գյուղի ներսում պարզ լսելի են կրակոցներ ու պայթյուններ թե՛ ցերեկը, թե՛ գիշերը:
Ներքին Հանդի բնակիչներին մտադրված փորձում են պահել վախի մեջ, մարդիկ չեն կարողանում հանգիստ տեղաշարժվել գյուղում, դպրոցի դիմաց են ադրբեջանական դիրքերը, խաթարված է բնակիչների անվտանգ կյանքը:
Միայն Ներքին Հանդ գյուղում ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2,700 հեկտար տարածք, որից՝
- 2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր.
- 170 հեկտար անտառային հողեր.
- 130 հեկտար համայնքային հողեր:
Նշված 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կամ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կամ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով:
Ու այս պայմաններում դրել, քննում ենք՝ արդյոք մեր զինվորականները «խախտե՞լ են ադրբեջանական զինվորների անդորրը»:
Չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվեն ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները»,- գրել է Արման Թաթոյանը: