Անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով

Դատախազը 2024 թվականի փետրվարի 15-ին հաստատել է Ընկերության տնօրենի և վերջինիս կնոջ վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի 5-ին նույն անձի անվամբ ձևականորեն գրանցել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը:

Դատախազությունից հայտնում են, որ 2007 թվականի մայիսի 23-ին «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր է կնքվել փաստացի նույն Ընկերության տնօրենին պատկանող «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերության հետ, որով վերջիններիս են փոխանցվել 2003 թվականին սեփականության իրավունքով «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերությանը հանձնված՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող անշարժ գույքի (դպրոց-կենտրոն)՝ 6580,8 քմ մակերեսով և 1.1807 հա մակերեսով հողատարածքի տիրապետման և տնօրինման իրավունքները:

«Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը, 2007 թվականի մայիսի 23-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերով՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքը (մարզադահլիճները) վարձակալությամբ տրամադրել է տարբեր կազմակերպությունների՝ ստանալով 110 մլն 569 հազար 800 դրամ եկամուտ, որից 56 մլն 100 հազար դրամն է միայն փոխանցվել «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին:

Բացի այդ՝ Ընկերության տնօրենը 2000 թվականի նոյեմբերի 24-ից լինելով «Արևելյան Օազիս» ՍՊ ընկերության սեփականատերը, Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող գույքի մասնաշենքերից մեկում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն՝ մատուցելով սրճարանային և հյուրանոցային ծառայություններ:

Ընկերության տնօրենը նպատակադրվել է նաև խաբեությամբ հափշտակել Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ ներառյալ 6580,8 քմ մակերեսով և 1.1807 հա մակերեսով հողատարածքը: Այդ նպատակով՝ 2007 թվականի մայիսի 23-ին վարձակալության պայմանագրում ամրագրել է, որ վարձակալն իրավունք ունի գնել գույքը՝ վճարելով 56 մլն 142 հազար դրամ:

Ըստ դատախազության, դրանից հետո, Ընկերության տնօրենին փաստացի պատկանող և վերջինիս կողմից կառավարվող «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի բոլոր 10 բաժնետոմսերն իր հետ փոխկապակցված անձի կողմից վաճառվել են Ընկերության տնօրենի կնոջը:

Հանցագործությունն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի և ՓԲԸ-ի նոր տնօրենի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտե՝ իրավունքի դադարման պետական գրանցում իրականացնելու վերաբերյալ:

2024 թվականի փետրվարի 7-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ընկերության տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը), 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձ) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ընկերության տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձը):

Դատախազը 2024 թվականի փետրվարի 15-ին հաստատել է Ընկերության տնօրենի և վերջինիս կնոջ վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print