Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին

Հանդիպմանը քննարկվեցին նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների կյանքին առնչվող խնդիրներ:

Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների քահանայապետական գրասենյակի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին, ով Հայաստան է ժամանել Վեհափառ Հայրապետի հրավերով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ վերհիշեց վերջինիս ծառայության տարիները Հայաստանում իբրև Պապական նվիրակ և Մայր Աթոռի հանդեպ մշտապես դրսևորած նրա ջերմ վերաբերմունքը։ Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց կարդինալ Գուջերոտիին հայագիտությանը բերած նրա ավանդի համար։

Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական գործակցությանը, ապա իր մտահոգությունները ներկայացրեց կարդինալ Գուջերոտիին տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվեցին նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների կյանքին առնչվող խնդիրներ: Կարևորվեց Քրիստոնեական Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը՝ ի խնդիր մարդկության կյանքում խաղաղության ու համերաշխության հաստատման:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին փոխանցեց իր եղբայրական բարեմաղթանքները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print