Առաջարկվում է ՀՀ ԶՈՒ գնդի և գումարտակի սերժանտների պաշտոնների համար սահմանել վարձատրության գործակիցներ. նախագիծ

Առաջարկվում է հավելավճար սահմանել նաեւ ոչ մարտական բնույթի գործառույթներով զբաղվող՝ ապահովման կամ սպասարկման գործառույթներում ներգրավված զինծառայողների համար:

Կարեւորելով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան՝ Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում:

Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը նշել է, որ նախաձեռնվել է փոփոխություններ իրականացնել գործող համակարգում: Մասնավորապես, առաջարկվում է տարանջատել զինվորական եւ ոչ զինվորական ծառայողներին: Նախախարի տեղակալը նշել է, որ ընդունվել եւ գործում է ատեստավորման եւ դրա արդյունքներով հավելավճարի հաշվարկման համակարգ՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար: Առաջարկվում է հավելավճար սահմանել նաեւ ոչ մարտական բնույթի գործառույթներով զբաղվող՝ ապահովման կամ սպասարկման գործառույթներում ներգրավված զինծառայողների համար:

Կարեն Բրուտյանը տեղեկացրել է, որ ներկայում համակարգում կա շուրջ 600 քաղաքացիական եւ 1700 ոչ մարտական բնույթի գործառույթներով զբաղվող զինծառայող:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվում է ՀՀ զինված ուժերի գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների համար սահմանել վարձատրության գործակիցներ:

Օրենքների նախագծերի փաթեթը Կառավարությունը համարվել է անհետաձգելի:

Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանը նշել է, որ օրենսդրական փաթեթն ընդունելի է, տրամաբանական: Ըստ նրա՝ ատեստավորումը կարեւորագույն պայման է եւ ճիշտ որոշում, որը կայացվել է Զինված ուժերի համար: Դրանով հնարավորություն է տրվում շարքային պայմանագրային զինծառայողին ստանալ 500-600 հազար դրամ աշխատավարձ՝ նախկին 120 հազարի փոխարեն: Դա, ըստ Վահագն Ալեքսանյանի, ոչ միայն սոցիալական խնդրի լուծում է, այլ նաեւ հնարավորություն՝ բարձրացնելու զինծառայողի պատրաստվածության մակարդակը: Պատգամավորն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հարցը քննարկել է փետրվարի 21-ի նիստում եւ տվել դրական եզրակացություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print