Եվրոպայի ծանրամարտի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը չի շտապում դեռ պաշտոնական հայտարարություններ անել մարզական կարիերան ավարտելու մասին։ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Խուրշուդյանն ասաց՝ դեռ մարզչական խորհուրդը կորոշի։
Տարբեր մեդալներ նվաճած մեր ծանրամարտիկներն այս գիշեր վերադարձել են Սոֆիայից, ուր ընթանում էր Եվրոպայի առաջնությունը։ Նրանց դիմավորել են դհոլ–զուռնայով։
Դեկտեմբերին աշխարհի առաջնությունն է, բայց Հռիփսիմեն ունի լուրջ վնասվածքներ, նախ դրանք պետք է բուժի, հետո հասկանա՝ գնում է առաջնությանը մասնակցելու, թե ոչ։ Եվրոպայի առաջնությունում իր նվաճումից գոհ է, կարծում է՝ արդեն հերոսություն էր իր կողմից։
Դեկտեմբերին աշխարհի առաջնությունն է, բայց Հռիփսիմեն ունի լուրջ վնասվածքներ, նախ դրանք պետք է բուժի, հետո հասկանա՝ գնում է առաջնությանը մասնակցելու, թե ոչ։ Եվրոպայի առաջնությունում իր նվաճումից գոհ է, կարծում է՝ արդեն հերոսություն էր իր կողմից։
«Իհարկե, գոհ եմ, էս տարիքում և երկու բալիկից հետո մեծ սպորտ վերադառնալն արդեն հերոսություն էր իմ կողմից։ Շատ ուրախ եմ, որ կարողացա պահել խոստումս և բարձրացնել մեր դրոշը, կապ չունի՝ ինչ գույնի մեդալ է»,- ասաց Խուրշուդյանը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին մարզակոշիկները հանելու հուզիչ դրվագից։ Ասում է՝ երբ հանում էր կոշիկները, կարծում էր՝ մեդալ չունի։
«Ընկեր Արտաշը չէր հասցրել ասել, որ դու բրոնզե մեդալակիր ես, մի՛ հանի։ Սիրտս թողել եմ հարթակում, լեզուս է ասում՝ ես ուզում եմ արդեն վերջ դնել էս սպորտին, տեսնենք՝ ոնց կլինի»,- նշեց մարզուհին։
Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձած 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանն էլ խոստովանում է՝ պոկում վարժությունից հետո այնքան էլ հույս չուներ երկամարտի արդյունքում չեմպիոն դառնալու, բայց մեդալի հույս ուներ։
«Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի և կարողացա առաջին տեղը գրավել»,- ասում է Ալեքսանդրան։
Հպարտ է, որ կարողացել է հայոց եռագույնը բարձրացնել, խոստանում է ջանք չխնայել ու 2028-ի օլիմպիական խաղերին բոլորի հույսերն արդարացնել։
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը գիտի` օլիմպիական ոսկու համար պետք է շատ քրտնաջան աշխատել։
«Շատ ուրախ եմ մեդալի համար։ Պատրաստվելու ժամանակը քիչ էր, ոչ մեկս 100 տոկոսանոց պատրաստվածություն չունեինք, հիմա քայլ առ քայլ գնում ենք օլիմպիական խաղեր։ Վրացի ծանրամարտիկ Լաշա Տալախաձեի հաղթելու համար պետք է քրտնաջան աշխատել, պարապել»,–ասաց Լալայանը։
Նշենք, որ Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը վրացի ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն չմասնակցեց վնասվածքի պատճառով։
Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանն արդյունքից գոհ է, իր բարձրացրած կիլոգրամներից՝ ոչ։ Ավելին կարող էր, բայց ուրախ է, որ այսպես էլ կարողացավ չեմպիոնական տիտղոս նվաճել ու հաղթանակ բերել մեր երկրին։
«Կաշխատենք բոլոր սխալների ուղղումների վրա»,- խոստանում է Գոռը։
Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն էլ ափսոսանք է զգում, որ իր բարձրացրած կիլոգրամներով օլիմպիական խաղերին մասնակցել չի կարող։
«Ափսոսանքը շատ մեծ է, բայց ինչ անենք, մերն էլ էսպես է դասավորվել»,- ասում է մարզիկը։
Հատուկ շեշտում է, թե ինչքան հաճելի էր, երբ պատվո հարթակին երկու հայ մարզիկներով կանգնեցին՝ ինքը՝ ոսկե մեդալ, Դավիթ Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալ նվաճած։
armeniasputnik.am