Մհեր Գրիգորյանը վստահ է, որ գործողություններ կլինեն։
Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետև, այնուամենայնիվ, հարցի հետ կապված՝ նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի իրավապահ մարմինների հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Բաքու է վերադարձել ՀՀ-ի կողմից սպանության համար հետախուզվող ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլին, և որ նրան դիմավորել են այնպես, ինչպես դիմավորել էին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին:
Հարցին՝ ինչ հետևություն է պետք անել, Մհեր Գրիգորյանը արձագանքեց. «Եկեք առաջ չընկնենք: Երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»:
Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի պահանջով միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա ձերբակալված ադրբեջանցի բլոգեր և ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին ազատ էր արձակվել Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ:
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի քաղաքացի Քյամիլ Զեյնալլին սպանության համար միջազգային հետախուզման մեջ է։ Կասկածվում է, որ նա 44-օրյա պատերազմի ժամանակ գլխատել է Լեռնային Ղարաբաղի մի տարեց բնակչի: