Ըստ փոխվարչապետի` հանդիպումների արդյունքում հրապարակումները սահմանափակվում են այնքանով, որքանով համաձայնեցվել է համատեղ մամուլի հայտարարությունը:
Մենք ունենք համատեղ հաստատված աշխատակարգ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումներին և դրանցից հետո արվող հաղորդագրություններին:
«Սահմանազատման հարցը, ցանկացած պարագայում շատ զգայուն հարց է: Մենք պայմանավորվել ենք, որ հանդիպումների արդյունքում մեր հրապարակումները սահմանափակվում են այնքանով, որքանով համաձայնեցրել ենք համատեղ մամուլի հայտարարությունը: Հակառակ դեպքում դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տեղի կունենա: Եթե ամեն կողմը վերադառնա եւ սկսի մեկնաբանել կամ հանրային քննարկել աշխատանքների արդյունքները, դա արդյունավետ չի լինի:
Դիլետանտական է մոտեցումը, որ մենք կարող ենք գնալ հանձնաժողովում հանդիպենք եւ ինչ-որ բան իրար հանձնենք: Դա շատ նաիվ է:
Երկրորդը, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մենք որոշումների կայացման շատ որոշակի սահմանադրական ու օրենսդրական կարգեր ունենք, որոնցից չենք կարող շեղվել»,- ասել է նա:
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման մասին՝ Գրիգորյանն ասաց, որ ամսաթիվը դեռ որոշված չէ։
«Իքներդ էլ գիտեք, թե դելիմիտացիայի գործընթացն ինչ բարդ է: Խոսք պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետեւ շատ դեպքերում շատ մարդիկ սխեմատիկ կամ մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք այլ որակ ու տրամաբանություն ունեն:
Երկրորդը, իրականում, դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ, նախ և առաջ իրավական հիմք ու հենքի բացահայտումն է, որի հիման վրա կազմվել է այս կամ այն քարտեզը։ Ընդ որում, ամեն մարմին չէ, որ իրավունք ունի կամ ԽՍՀՄ ժամանակ իրավունք է ունեցել քարտեզ կազմել կամ տպագրել: Այս բոլոր նյուանսները շատ կարևոր են ու մեր աշխատանքներում պետք է հասցեագրվեն»,- նշել է նա: