Կայացել է Սուրիկ Խաչատրյանի ապօրինի գույքի գործով դատական նիստը

Այս գործով անցնում են Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները և նրանց հետ փոխկապակցված անձինք։

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստն էր, հայտնում է Առավոտը։

Այս գործով անցնում են Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, նրանց հետ փոխկապակցված անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Լուսինե Բարսեղյանը եւ Նորայր Մնացականյանը:

Դատախազությունը պահանջում է Սուրիկ Խաչատրյանից եւ Լորետա Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երեւանի Այասի փողոց 10/1 հասցեի գույքը՝ 1 մլրդ 176 մլն 167 հազար 500 դրամ միջին շուկայական արժեքով: Պահանջվում է նաեւ բռնագանձել Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 32/11 հասցեի գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 946 մլն 320 հազար դրամ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքում գտնվող եւս մի գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 165 մլն 422 հազար 500 դրամ: Դատախազությունը ապօրինի է համարում եւ պահանջում է բռնագանձել նաեւ «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի բաժնեմասում 100% մասնակցությունը: Մեկ այլ օտարերկրյա ընկերությունում Խաչատրյանները կատարել են 10 մլրդ 250 մլն դրամի չափով ներդրում, որը նույնպես ապօրինի միջոց են համարում:

Սուրիկ Խաչատրյանի որդուց՝ Տիգրան Խաչատրյանից հօգուտ ՀՀ-ի պահանջվում է բռնագանձել Գորիս քաղաքում գտնվող 77 միլիոն 367 հազար 500 դրամ շուկայական արեքով գույքը:

Տրդատ Խաչատրյանից պահանջվում է բռնագանձել Երեւանի Ուլնեցու փողոց թիվ 32/23 հասցեով գույքը՝ 130 մլն 910 հազար դրամ արժեքով։ Ինչպես նաեւ Տրդատ Խաչատրյանից ուզում են բռնագանձել «Լեռ-էքս խումբ» ընկերության 100 % բաժնեմասը:

Վարդան Բարսեղյանից հօգուտ ՀՀ-ի դատախազությունը պահանջում է բռնագանձել Lexus մակնիշի 2014 թվականի արտադրության ավտոմեքենան կամ գումարը. միջին շուկայական արժեքը՝ 24 միլիոն 750 հազար դրամ: Վարդան Բարսեղյանի անունով է գրանցված եղել նաեւ Toyota Camry մակնիշի 2012 թվականի արտադրության ավտոմեքենան: Դատախազությունը դա եւս պահանջում է բռնագանձել, ինչպես նաեւ նրա 100 տոկոս բաժնեմասերը ընկերություններում:

Մանվել Մալինցյանից պահանջվում է բռնագանձել Porsche մակնիշի 2012 թվականի արտադրության ավտոմեքենան, միջին շուկայական արժեքը՝ 15 միլիոն 180 հազար դրամ:

Ըստ դատախազության ուսումնասիրության, Սուրիկ Խաչատրյանը մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց որպես փոխառություն՝ գումար է տվել, ու ըստ իրենց, տվել է ապօրինի գումարների հաշվին, ուստի այդ փոխառության պահանջի իրավունքը նույնպես ենթակա է բռնագանձման՝ հօգուտ Հայաստանի: Ընդ որում, դրանք փոքր գումարներ չեն. Աշոտ Մինասյանին պարտքով է տվել 40 մլն դրամ, Հրայր Առաքելյանին՝ 40 մլն դրամ, Առուշ Առուշանյանին՝ 3 մլն 350 հազար դրամ, Էրիկ Համբարձումյանին՝ 56 մլն դրամ, Հայկազ Բաղմանյանին՝ 10 մլն դրամ, Հովիկ Աբրահամյանին՝ 40 մլն դրամ, Սպարտակ Սիմոնյանին՝ 7 մլն 297 հազար 788 դրամ, Գարեգին Լազարյանին՝ 1 մլն դրամ: Այսքանով փոխառուների ցանկը չի ավարտվում:

Ըստ դատախազության, Սուրիկ Խաչատրյանը որպես փոխառություն գումար է տվել նաեւ «Լեռ էքս» ՍՊԸ-ին՝ 12 մլն 260 հազար դրամ, «Լեռ էքս խումբ» ՍՊԸ-ին՝ 2 մլն 10 հազար դրամի չափով, «Սիսիանի ճանշին» ընկերությանը 15 մլն դրամ, «Քարաշեն ցեմենտ» ընկերությանը՝ 2 մլն դրամ, «Սյունիք-Զանգեզուր» ընկերությանը՝ 3 մլն դրամ, «Գեղի Գօլդ» ընկերությանը՝ 1 մլրդ 672 մլն 203 հազար 783 դրամ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print